Այսօր Գառնի գյուղի բնակիչներից մեկին անծանոթ մարդ է զանգահարել և սպառնացել, թե նրա որդուն «Ղարաբաղ կտանեն»: Արուսյակ Այվազյանը մասնակցում է գառնեցիների բողոքների ակցիաներին։
Epress.am–ի հետ զրույցում Այվազյանը պատմել է, որ իր համագյուղացիներից Արմենին զանգել է մի մարդ, ով ներկայացել է որպես տուրիստական ընկերության աշխատող և ասել, թե իրեն տաքսի է հարկավոր։
«Արմենին կասկածելի էր թվացել, թե ինչո՞ւ պետք է Գառնիից տաքսի կանչեն, եթե քաղաքում էդքան տաքսիներ կան: Եկավ ինձ մոտ ու պատմեց, որ Կարեն անունով մեկն է զանգել։ Մենք զանգեցինք այդ տղային՝ մտածելով, որ գուցե լրագրող է: Երբ հասկացա, որ ծանոթ չէ, անջատեցի հեռախոսը, բայց մի քանի վայրկյան հետո նա նորից զանգեց ու ասեց, թե տղայիդ ասա՝ թող պատրաստվի, գալիս ենք, տանենք Ղարաբաղ կռվելու։ Ես էլ ասացի, որ ինքը չի կարա նման բան ասի, որովհետև, եթե պետք լիներ, համապատասխան մարմինները կզանգեին։ Ասացի, որ ինքը խաբեբա է, որից հետո նա սկսեց այլանդակ հայհոյանքներ տալ ինձ, իսկ Արմենին ասել էր, թե մենք հանդիպելու ենք», ֊ պատմել է կինը:
Այվազյանը նշել է, որ դրանից անմիջապես հետո ոստիկանություն է զանգել և բացատրություն տվել:
Կինը զանգը կապում է ապրիլի 13-ին բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը պատռել էր «Պահանջում են Հովիկ Աբրահամյանի հրաժարականը» գրությամբ պաստառը։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը չինովնիկին ասել է, թե նա պետք է բանտ նստի, մյուսն էլ ասել է՝ կտամ, բերանդ կջարդեմ:
Նշենք, որ ապրիլի 13-ին Գառնիի բնակիչները բողոքի ակցիայի էին կազմակերպել և մոտ 8 ժամ շարունակ փակել էին Գեղարդ տանող ճանապարհը: Նրանք պահանջում էին դադարեցնել Ազատ գետի մոտ կատարվող շինանարարությունը և չեղյալ հայտարարել գետից ջուրը խողովակներով Արարատի մարզ տեղափոխելու ծրագիրը: Նրանք նշում են, որ գետի ջուրը տանում են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը ոռոգելու համար: Բնակիչների պահանջով շինտեխնիկան դուրս էր բերվել կիրճից, իսկ ծրագրի շուրջ պատրաստվում են քննարկումներ կազմակերպել: