Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել իշխող Հանրապետական կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ ստանալով 12 հազար 510 ձայն: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Համաձայն ԿԸՀ֊ի տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը ստացել է 10 հազար 267 ձայն, «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը ստացել է 1237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 813: Ընտրությանը մասնակցել են 24 հազար 561 մարդ՝ 44 հազար 320 ընտրողից:
Թալին և Սպիտակ քաղաքներում ևս ընտրվել են իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները: Թալինում կշարունակի պաշտոնավարել գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը․ նա ստացել է 1993 ձայն։ ՀՅԴ֊ական թեկնածու Տիգրան Հարությունյանը հավաքել է 1036 ձայն, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը՝ 168:
Սպիտակ քաղաքում գործող քաղաքապետ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Սահակյանը ստացել է 4463 ձայն, իսկ հանրապետական մեկ այլ թեկանծու Վանիկ Ասատրյանը՝ 2933 ձայն։
Մամուլի ուշադրության կենտրոնում երեկ եղել են Հրազդանի ընտրությունները, որտեղ Միքայելյանի և Դանիելյանի միջև թեժ պայքար է ընթացել։ Օրվա ընթացքում լրագրողները և դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել՝ հօգուտ իշխող կուսակցության թեկնածուի:
Մասնավորապես, armlur.am-ի տեսանյութում ընտրողներից մեկը հայտարարում է, որ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը «մեշոկներով փող» էր բաժանել՝ ընտրողներին տալով՝ 5000֊ից 15000 դրամ:
Civilnet.am»-ի հրապարակած տեսանյութի համաձայն, մեծահասակ մարդկանց ուղղորդում են և «օգնում» ընտրություն անել:
Լրագրող Լիլիթ Լալայանը նշում է, որ ավտոբուսներով ընտրատեղամաս բերված ուղևորները փախել են՝ տեսնելով լրագրողներին: