Home / Տեսանյութեր / Պաշտոնական վարկածով 1 օրում 2 զինվոր է մահացել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

Պաշտոնական վարկածով 1 օրում 2 զինվոր է մահացել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

Ապրիլի 21-ին, ժամը 07:00-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանն իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն՝ չնշելով, թե որտեղ է տեղեկայված զորամասը։ Հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Բարեյանը ձերբակալվել է:

Նշենք, որ Քննչականի հաղորդագրությունից ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր Վանաձորի բնակիչ Քալաշյանի մահվան մասին՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Մարտունու զորամասերից մեկում 2 օր առաջ։

Ապրիլի 21-ին բանակում ևս մեկ մահվան դեպք է գրանցվել, և Քննչական կոմիտեն դարձյալ չի նշել՝ արդյոք զորամասը գտնվում է Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Պաշտոնական վարկածի համաձայն, ապրիլի 21-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։

«Հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ.Եգորյանը ձերբակալվել է», ֊ ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ջերմուկի քաղաքապետարանի պաշտոնական էջում նշված է, որ 1996 թվականին ծնված Կարեն Աղաբեկյանը Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղի բնակիչ է, ծառայում էր Լեռնային Ղարաբաղում։