Home / Տեսանյութեր / Ավտոբուսի պայթյունը կապված չէ մեքենայի վառելիքի հետ․ ոստիկանապետ

Ավտոբուսի պայթյունը կապված չէ մեքենայի վառելիքի հետ․ ոստիկանապետ

Ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած «Բոգդան» մակնիշի ավտոբուսի պայթյունը կապված չէ գազի կամ դիզելային վառելիքի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա նշել է, որ պայթյունը բեկորային չի եղել։ Գասպարյանի խոսքով՝ ոստիկանության բոլոր վարկածները նախնական են, դրանք կարող են արագ փոխվել։

Նա նշել է նաև, որ, հնարավոր է, պայթող նյութը եղել է ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ։ Ոստիկանապետն ընդգծել է, որ հայտնի չէ, թե ով է նստած եղել այդ տեղում և այժմ աշխատանքներ են տարվում այդ մարդու ինքնությունը պարզելու համար։

Ապրիլի 26-ին՝ ժամը 02։30֊ի սահմաններում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը գրել է, որ «իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել»։

«Մինչև չլինի փորձագետների եզրակացությունները որևէ բան պնդել հնարավոր չի։ Այս պահի դրությամբ․

1․ ավտոբուսը դիզվառելիքով էր
2․ ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն։
3․ ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։
4․ վարորդը ողջ է և գիտակցության մեջ։
5․ պայթյունի հարուցիչը ֆուգասային է, բեկորային չի», ֊ գրել է Մալյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում էր, որ տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ)։

04։20-ի դրությամբ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, պայությունի հետևանքով 2 մարդ է զոհվել, կա 8 տուժած։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է տուժածների անունները․

Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.),

Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.),

Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.),

Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.),

Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.),

Ռոլանդ Սուրիկի Խոջայան (ծնվ. 2001թ.),

Արեգնազ Սարգսի Ղալեչյան, (ծնվ․ 1955 թ․),

Արթուր Վաչիկի Մարգարյան (ծնվ․ 1994)

Զոհվածների անունները չեն նշվում։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը հղի է, նրան և պտղին նույնպես վտանգ չի սպառնում։