Երեկ՝ ժամը 21:51-ին, Հալաբյան փողոցում պայթած 63 համարի երթուղային ավտոբուսում հայտնաբերվել են պայթուցիկ նյութի տարր, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որի բաժանորդը նախկինում երկու անգամ դատված ՀՀ քաղաքացի է։ Վերջինիս բնակության վայրում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
««Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ», – ասված է հայտարարության մեջ։
ՀՀ դատախազության համաձայն, ահաբեկչության վարկածը ամբողջությամբ հերքվել է։ Քննչականը, իր հերթին, նշել է, որ «նախաքննության այս փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»։
Համաձայն քննչականի՝ խուզարկություն է կատարվել նաև ավտոբուսի մյուս ուղևորների և վարորդի բնակության վայրերում, որոնց արդյունքում քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել և նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։
Նշենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել են 8֊ը։