Արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի կալանավոր Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Epress.am-ի հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը տեղեկացրել է, որ իրենք դիմել են Արդարադատության նախարարություն և հուսով են, որ ծանր հիվանդության պատճառով Գևորգյանը բանտից ազատ արձակվի։
«Պարկինսոնի հիվանդությունն այն ցանկում է, որի դեպքում կալանավորը ենթակա է ազատ արձակման։ Դա Հրաչյա Գևորգյանի հիմնական հիվանդություններից է։ Այժմ մենք սպասում ենք Արդարադատության նախարարության արձագանքին, որից հետո նոր մեր հետագա քայլերի մասին կմտածենք»,֊ ասել է Կարապետյանցը։
Գևորգյանի հետ այսօր փորձել է հանդիպել է նրա փաստաբաններից Տիգրան Սաֆարյանը, ով փոխանցել է, որ ՔԿՀ֊ում չի տեսել Գևորգյանին, քանի որ վերջինիս տեսակցությունների սրահ չեն կարողացել բերել ծանր վիճակի պատճառով։
Նշենք, որ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։
Նա ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ բանտի ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։
Գևորգյանի առողջական վիճակը վատացել է վերջին 2 տարիների ընթացքում, նա շարունակաբար պահանջել է իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, ի նշան բողոքի մի քանի անգամ մեխ և ասեղ է կուլ տվել, որից հետո իր պահանջը կատարվել է։ Գևորգյանի գործով վճիռը կարդալու օրը մեղադրյալը դատարան էր եկել բենզինի տարայով, ինքնահրզիկման փորձ էր արել, բայց իրավապահները տարան նրա ձեռքից վերցրել էին։ Դատավոր Մարինե Մելքոնյանը Գևորգյանին մեղավոր է ճանաչել գործով որպես տուժող անցնող Նաիրա Հարությունյանին պատանդ վերցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և շորթում կատարելու հոդվածներով և 8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Միևնույն ժամանակ, դատարանը Գևորգյանին անմեղ է ճանաչել Հարությունյանի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։
Նա մեղադրանքներից և ոչ մեկը չի ընդունում։ Գևորգյանը պնդում է, որ գործն իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանի սարքած դավադրությունն է։ Դատավարությունը 4 տարի է տևել, և այդ ընթացքում Գևորգյանը կալանքի տակ է եղել։ Գործը ձգձգվում էր դատախազի և դատավորի փոփոխության պատճառով։ Դատավարության ընթացքում Գևորգյանը պահանջել էր Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի դեմ քրգործ հարուցել՝ պնդելով, որ վերջինս սպառնացել է իրեն, սակայն Հատուկ քննչական ծառայությունում գործի հարուցում մերժվել է։
Լուսանկարում՝ Հրաչյա Գևորգյանը դատավճռի օրը