Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի (լուսանկարում) և «Հրապարակ» օրաթերթի վեճը հասավ ՀՀ Վճռաբեկ դատարան։ Ըստ թերթի՝ օրերս «Հրապարակ»-ի շահերը ներկայացնող փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը բողոք են ներկայացրել ըննդեմ վերաքննիչ դատարանի վճռի, որով անփոփոխ էր թողնվել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ հանել Սյուզան Սիմոնյանի «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը hraparak.am կայքից և հերքում տպագրել նախարարի կնոջ վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերի մասով։
«Թեև ամբողջ դատաքննության ընթացքում Ռուզան Խաչատրյանն ընդամենը երկու պարբերություն է դիտարկել պրոբլեմատիկ, որոնք վերաբերում էին «որոշ լրատվամիջոցների» պնդումներին՝ իր մասնակցությամբ վթարի մասին, նա պահանջում է հանել կայքից ամբողջ հոդվածը, իսկ նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը սա հիմնավորում է նրանով, որ դրանով կկորի հոդվածի ամբողջական իմաստը։ Այսինքն՝ ինքը խիստ շահագրգռված էր այս հոդվածի իմաստով»։ Սիմոնյանը գրում է, որ, ըստ վերաքննիչ դատարանի դատավորների, որոնք այս գործով որոշում են կայացրել, եթե լրագրողը միջոցներ է ձեռնարկում՝ ճշտելու տեղեկատվության իսկությունը, ու անձից տեղեկանում, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, իսկ վերջինս ասում է՝ չենհամապատասխանում իրականությանը, ապա լրագրողը չպետք է տվյալ նյութը գրի, անգամ եթե նշում է պատասխանողի տեսակետը։
«Առհասարակ, վերաքննիչի դատավորները շատ հարցեր են վերլուծել, որոնք մեր հրապարակման հետ կապ չունեն։ Օրինակ, նրանք մի մեծ դասախոսություն են գրել այն մասին, թե ինչ է տեղեկատվության աղբյուրը, այն մասին, որ «որոշ լրատվամիջոցները» տեղեկատվության աղբյուր չեն, բայց մենք նման բան չենք էլ ասել։ Իսկ հասկանալու համար, թե բխո՞ւմ է արդյոք հոդվածը հանրային շահից, թե ոչ, ըստ մեր սիրելի ու վստահելի դատավորների, պետք է լրագրողը միջոցներ ձեռնարկի։ «Հայցվորի հանրային անձ լինելը փաստարկելիս, – գրում են մեր վստահելի դատավորները, – պետք է ապացուցվեր, որ մինչ հոդվածը հրապարակելը ձեռնարկվել են այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել հանգելու հետևության այն մասին, որ այդ տվյալները պայմանավորված են եղել գերակա հանրային շահով և կարող էին համապատասխանել իրականությանը»։ Ասենք՝ ի՞նչ միջոցներ ձեռնարկել։ Փողոցում մոտենալ ՀՀ քաղաքացիներին և սոցիալական հարցո՞ւմ անցկացնել՝ արդյո՞ք ձեզ հետաքրքրում է, թե քանի եվրո է ծախսել Սեյրան Օհանյանի կինը 2015-2016 թվականներին իր հագուստի վրա։ Կամ՝ ինչո՞ւ է Պնախարարի կինը մի քանի հազար եվրոյանոց շորեր հագնում, երբ մեր բանակը մարտնչում է 80-ականների զենքով», – մասնավորապես․ գրում է Սիմոնյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։