Ղարաբաղին օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը թանկացրել է ալյուրը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասն ու մայիսի 2-ից մոտ 1 դոլարով բարձրացրել է մեկ պարկ ալյուրի գինը։
«15 տարի է, ինչ Հյաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը։ Տարեսկզբին այս գործարանը 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում էր 29,2 դոլարով, իսկ երբ սկսեց Ռուսաստանից ալյուր ներկրել, ալյուրի գինն աստիճանաբար իջավ֊հասավ 22 դոլարի։ Ալյուրի գները նշում ենք դոլարով, քանի որ տնտեսվարողները հավաստիացնում են, որ Ալեքսանյանին պատկանող գործարանից ալյուրը կարելի է ձեռք բերել բացառապես դոլարով։ Իսկ մայիսի երկուսից 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը դարձել է 23 դոլար։ Ու որպեսզի գործարար-պատգամավորը «պալիտ» չլինի, հրահանգել է, որ ալյուրի շուկայում մյուս խոշոր ընկերությունը՝ «Մանան գրեյնը», նույնպես դիմի այդ քայլին։ Այս երկու ընկերություններին է բաժին հասնում ալյուրի շուկայի 80 տոկոսը։ Մյուս ընկերություններում հիմնականում գնային փոփոխություններ չեն նկատվում»,- գրում «Հրապարակ»-ը։
Օրաթերթի փոխանցմամբ, իրենք զրուցել են այս երկու խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն ալյուրի թանկացման վերաբերյալ կոնկրետ պատճառաբանություն չեն ստացել։
Թերթի հետ զրույցում «Մանանա գրեյն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը նշել է, որ թանկացումը պայմանավորված է Ռուսաստանում ցորենի գների աճի հետ։ «Իրականում ռուսական ցորենի շուկայում ապրիլի 1-ից մինչ օրս գրեթե փոփոխություն չի եղել, ապրիլմեկյան գները (1 տոննա ցորենը՝10-12 հազար ռուբլի) պահպանվում էին նաև երեկվա դրությամբ։ Զգալի փոփոխություն չի նկատվել նաև ռուբլի-դոլար կուրսում։ Երեկվա դրությամբ 1 դոլարը 66 ռուբլի էր, մեկ ամիս առաջ՝67։ Հենց այս ուսումնասիրություններն են հիմք տալիս պնդելու, որ Ղարաբաղին ոչ թե Սամվել Ալեքսանյանն է օգնություն տվել, այլ՝ մեզանից յուրաքանչյուրը»,- գրում է թերթը։