ՀՀ ոստիկանությունը 490 միլիոն դրամ է վճարելու «Հայփոստ» ընկերությանը՝ երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցումները վարորդներին հասցնելու համար։ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ապրիլի 22-ին Ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Հայփոստ» ընկերության հետ՝ «փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» համար։
««Հայփոստը» նամակները պետք է վերցնի Իսակովի 9 հասցեից՝ ճանապարհային ոստիկանությունից, և առաքի խախտում արած քաղաքացիներին․․․ փաստաթղթերում առկա թվային տվյալներից հասկանալի է դառնում, որ 490 միլիոն դրամի դիմաց «Հայփոստը» պետք է առաքի մոտ 1, 4 միլիոն ծանուցում․․․ այսինքն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնելու առնվազն 1 խախտում»,- գրում է թերթը։
Պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր 20 գրամանոց առաքման, տվյալ դեպքում ծանուցման գինը 350 դրամ է։ Մինչդեռ, ըստ «ՀԺ»-ի, նմանատիպ 20 գրամանոց ծրարն արժե 120 դրամ։
«Մնում է կանխատեսել, որ ոստիկանությունը երթևեկության խախտումների ծանուցումների առաքումը հարկատուներիս հաշվին պատվիրել է գերթանկարժեք՝ միգուցե ոսկեզօծ նշումներով ծրարներով։ Մինչդեռ ենթադրվում է, որ նման դեպքում պետք է ընտրվեր հնարավորինս էժան տարբերակ։ Չի բացառվում, որ այս գինը միտումնավոր է ուռճացվել, ինչը պետական գնումների դեպքում սովորական երևույթ է պետական համակարգում»,- գրում է թերթը՝ հավելելով, որ «Հայփոստը» նմանատիպ ևս մեկ պայմանագիր կնքել էր դեռևս հունվարի 25-ին, և այդ անգամ պայմանագրի արժեքը կազմել էր 160 միլիոն դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։