Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում ներկա և նախկին զուգընկերոջ կողմից առնվազն 30 կին է սպանվել։ Ընդ որում, սրանք միայն հանրայնացված և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից գրանցված դեպքերն են։ 2010 թվականից ի վեր կնասպանության մեջ մեղադրվողների ճնշող մեծամասնությունը դեռևս չի դատապարտվել կամ ազատազրկվել, իսկ ազատազրկման դեպքում էլ՝ միջին ժամկետը ընդամենը 9 տարի է եղել։ Կնասպանությունների 63%-ն արձանագրվել է գյուղական բնակավայրերում, իսկ 37%-ը՝ քաղաքային։ Այս մասին խոսել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի վերլուծաբան Անի Ջիլոզյանը՝ «Կնասպանությունը Հայաստանում․ լուռ համաճարակ» թեմայով զեկույցը ներկայացնելիս։
Կենտրոնի կողմից կատարված հետազոտությունները փաստում են, որ հաճախ ընտանեկան բռնության դեպքերը մահվան ելքով են ավարտվում այն ժամանակ, երբ զոհերը փորձում են հեռանալ կամ արդեն իսկ խզել են հարաբերություններն իրենց ամուսնու կամ զուգընկերոջ հետ։
Զեկույցի շրջանակներում ներկայացվել են նաև այն հիմնական խնդիրները, որոնց պատճառով Հայաստանում մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքերը շարունակական բնույթ են կրում։ Շատ դեպքերում, համաձայն կազմակերպության հետազոտության, կանայք մինչև սպանությունը մի քանի անգամ դիմել են Ոստիկանություն՝ ամուսինների կողմից ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկվելու գանգատով, սակայն ոչ մի օգնություն չեն ստացել։
«Հայաստանում գոյություն չունի կանանց նկատմամբ բռնությունը թիրախավորող և կանխող, ինչպես նաև մեղավորներին պատժող պատշաճ օրենսդրություն։ Հաճախ մահվան սպառնալիքներն ու այլ նախազգուշական նշանները անտեսվում են, քանի որ պետական մարմինների ներկայացուցիչները չունեն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ կամ չեն ցանկանում պատշաճ գնահատել ռիսկերը։ Կնասպանության շատ զոհեր որոշ դեպքերում ուղղակի աղերսել են ոստիկանության օգնութունը, սակայն ապարդյուն»,֊ նշել է զեկույցի հեղինակը։
Ինչ վերաբերում է սպանության գործով դատական վճիռներին, ապա դրանք, ըստ Ջիլոզյանի, հիմնականում ոչ արդարացի են լինում․ «Գենդերային բռնությանը նպաստում է այն հանգամանքը, որ կնասպանություն իրագործողների մեծ մասը անպատիժ է մնացել կամ ենթարկվել է թեթև պատժի և միայն մի քանիսն է ազատազրկվել։ Հաճախ հանցագործների պատժաչափը կրճատվել է մեղմացնող հանգամանքների արդյունքում, ինչպիսիք են «ծայրահեղ խանդը» կամ «հոգեկան խիստ հուզմունքի ժամանակավոր վիճակը»»։
Զեկուցողը հիշել է նմանատիպ մի քանի դեպքեր, երբ մարդասպանը մեղմ պատիժ է կրել։ Մասնավորապես, 2012 թվականին դանակի 21 հարվածով ամուսնու կողմից երկու երեխաների ներկայությամբ սպանված Դիանա Նահապետյանի սպանության դեպքը, երբ ամուսինը դատապարտվել էր ընդամենը 3․5 տարի ազատազրկման՝ խանդի հետևանքով «ոչ սթափ հոգեվիճակում» գտնվելու պատճառաբանությամբ։
«Ցավալի իրողությունն այն է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ կամ չեն գիտակցում, կամ կտրականապես դեմ են կանանց իրավունքների վիճակի բարելավմանը․․․Մինչև օրս չկա ընտանեկան բռնությունը կարգավորող օրենսդրություն և այդ իրավիճակի պահպանումը շարունակում է խոչընդոտել կանանց՝ օգտվելու իրենց անվտանգության ու պաշտպանված լինելու մարդու հիմնարար իրավունքներից», – հավելել է նա։
Ջիլոզյանը նշել է նաև, որ շատ դեպքերում կանանց բռնություններին նպաստում են նաև ԶԼՄ-ները։ Ամենահայտնի հեռուստատեսային ծրագրերից շատերը, ըստ նրա, ամրապնդում են կանանց ստորադասող և հայրիշխանական նորմերը՝ տարածելով բռնության ու ճնշումների միջոցով կանանց վերահսկելու գաղափարը։