Գառնի գյուղի բնակիչներն այսօր առավոտից կրկին փակել են Երևանից դեպի Գեղարդ տանող ճանապարհը՝ բողոքելով Ազատ գետից դեպի Արարատյան դաշտավայր ջուր տեղափոխելու ծրագրի դեմ։ Բողոքողների խոսքով՝ արդեն մի քանի օր է Ազատ գետի տարածքում վերսկսվել է շինարարությունը, և շինտեխնիկայի քանակը երկու անգամ ավելացել է։ Ապրիլի 13-ին կայացած ակցիայից հետո շինտեխնիկան հեռացվել էր Ազատ գետի մոտից։
Այսօր գառնեցիները սպառնում էին չբացել ճանապարհը մինչև Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղերի ոռոգման ծրագիրը չեղյալ չհայտարարվի կառավարության կողմից և շինարարությունը չդադարեցվի։
«Մենք պահանջում ենք, որ պաշտոնապես չեղյալ հայտարարվի Գեղարդալճի և Ազատ գետի հետ կապված ծրագրերը։ Այլապես մենք չենք գնալու այստեղից և շարունակելու ենք փակ պահել ճանապարհը։ Մենք չենք էլ ուզում, որ պաշտոնյաները գան այստեղ, իրանց դեմքն անգամ չենք ուզում տեսնել, պետք է միայն այդ ծրագրերը չեղյալ հայտարարեն»,- Epress.am -ի զրույցում ասել է Գառնի գյուղի բնակիչներից Արուսյակ Այվազյանը։
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ Զոհրաբ Սեդրակյանը, զգուշացրել է, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների և կփակեն Երևանին հատկացվող խմելու ջուրը։
«Գառնին նորմալ խմելու և ոռոգելու ջուր անգամ չունի։ Մեր այգիների մի մասը չորացել են ջուր չլինելու պատճառով, իսկ իրանք ջուրը տանում են, որ նոր այգիներ ստեղծեն։ Գառնեցին, եթե ջղայնացավ էսօր, ձորի խմելու ջուրը, որ ամբողջ քաղաքին սպասարկում ա… կպայթեցնենք։ Սա նշանակում է, որ իրենք ժողովրդին բանի տեղ չեն դնում ու չկա ժողովրդավարություն, իրականում մենք բռնապետական երկիր ենք», ֊ ասել է նա։
Բողոքող գառնեցիների հետ փորձել է բանակցել Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը, ով գյուղացիներին առաջարկել է ժամանակավորապես բացել ճանապարհը, մարդկանց թույլ տալ անցնել և նորից շարունակել ակցիան։ Սակայն գյուղացիները հրաժարվել են թեկուզ 10 րոպեով ճանապարհը բացել և հավաստիացրել են, որ չեն հեռանալու մինչև հարցը չլուծվի։
Փակված ճանապարհի պատճառով մայրուղու այդ հատվածում բազմաթիվ մեքենաներ են կուտակվել և մեծ թվով զբոսաշրջիկներ ստիպված են եղել ոտքով շարունակել ճանապարհը։ 16։15֊ի դրությամբ գյուղացիները շարունակում էին փակ պահել ճանապարհը։
Ի դեպ, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, ով սատարում է կառավարության ծրագրին, այս անգամ չի մոտեցել բողոքող գառնեցիներին, այլ կանգնել և ակցիայի հետևել է հեռվից։
Նշենք, որ գյուղացիները ջուրը տեղափոխելու ծրագրի դեմ բողոքում են դեռևս 2014 թվականից։ Նրանք պնդում են, որ խողովակաշարի կառուցման հիմնական նպատակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողատարածքները ոռոգելն է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում գառնեցիներն արդեն 3-րդ անգամ են ճանապարհը փակելու միջոցով արտահայտում իրենց բողոքը։