Այսօր Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները կրկին փակել են Երևան-Գառնի մայրուղին՝ իրենց դժգոհությունը արտահայտելով գառնեցիների հետ բանակցությունների եկած պաշտոնյաների այցից։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանը։
Վերջինիս հաղորդմամբ՝ կեսօրից հետո գյուղի մշակույթի տուն էին այցելել Բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակից, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և այլ աշխատակիցներ՝ գյուղացիների հետ բանակցելու համար։ Գառնեցիները, Այվազյանի խոսքով, հրաժարվել են հանդիպել նրանց մշակույթի տան ներսում․ «Մենք ձեզ ասելու բան չունենք, բան ունեք ստեղ ասեք»։
«Իրանք եկան, զոռով մտան ակումբ, մենք էլ ասացինք՝ դավաճանները ներս են մտնում, հայրենասերները՝ դրսում են մնում․․․չգիտենք, թե ներսում ինչ են արել, երկխոսության չենք գնացել», – ասել է Գառնիի բնակիչը։
Պաշտոնյաները մոտ երկու ժամ մնացել են մշակույթի տանը, որի ընթացքում գառնեցիները փակել են միջպետական ճանապարհը՝ որպես բողոքի նշան, որ պաշտոնյաները «անցանկալի են գյուղում»։
«Մենք էդպես փակեցինք ճանապարը, իրենք էլ խոտոր ճանապարհներով փախան․ իրանք արժանի չեն, որ մաքուր ճանապարհով գնան», – ասել է Այվազյանը։
Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն ակցիայի մասնակիցներին հորդորել է չփակել ճանապարհը։
«Գյուղապետն էլ ավել-պակաս խոսում էր, մենք էլ ասացինք՝ դավաճան։ Ուզում էր հարձակվել ինձ վրա, շատ ագրեսիվ պահվածք ընդունեց, մենք էլ ասացինք՝ ձեռքերով չխոսես մեզ հետ», – պատմել է Գառնիի բնակչուհին։
Նշենք, որ գառնեցիները պահանջում են դադարեցնել Ազատ գետի մոտ կատարվող շինանարարությունը և չեղյալ հայտարարել գետից ջուրը խողովակներով Արարատի մարզ տեղափոխելու ծրագիրը: Նրանք նշում են, որ գետի ջուրը տանում են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը ոռոգելու համար: Բնակիչների պահանջով շինտեխնիկան դուրս էր բերվել կիրճից, իսկ ծրագրի շուրջ պատրաստվում են քննարկումներ կազմակերպել: