Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն կունենան առանց մուտքի արտոնագրի մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 2-ին կայանալիք նիստի օրակարգում։
«Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը», ֊ նշված է նիստին ներկայացվելիք որոշման նախագծի մեջ։
Որպես հիմնավորում ՀՀ կառավարությունը նշում է, որ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին Համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
Երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: