Ավտոբուսում ռադիո էր միացած. «…Գերմանիայի վիրավորանքը, որի պատճառով նա նետվեց 2-րդ համաշխարհային պատերազմին, այդ վիրավորանքը մեզ համար խաղ ու պար է, համեմատած մեր վիրավորանքի, որ ստացել ենք անտարբեր աշխարհից… Անէացած երկիրը, ծանր բեռի տակ ընկած գերմանական ժողովուրդը տեսավ առաջնորդ (լավ, վատ՝ հիմա դա չէ խնդիրը), տեսավ նպատակ, տեսավ վեհություն, որովհետև նա խիստ վիրավորվել էր 18 թվականին կնքած այդ պայմանագրից… Եվ այդ ամբողջ նախապատրաստական աշխատանքը՝ 6 տարի։ Անցել է 26 տարի և դեռ մենք այն ճանապարհի փոսի հարցը դեռ չենք լուծել… Հայաստանը պետք է կառավարի այն էլիտան, ով ունի զինվորական կրթություն, ինչպես Իսրայելում է… Մեզ արդյունաբերական բուրժուազիա է պետք, որի նշանաբանը պետք է լինի. հարուստներին՝ այո, բայց աղքատությանը՝ ոչ»:
«Լրատվական ռադիո»-ի «Cui prodest» («Ո՞ւմ է ձեռնտու») հաղորդաշարի հերթական թողարկումն էր։ Խոսացողը հաղորդման հեղինակն էր՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Համակարգչին հասնելով՝ հաղորդումը ամբողջությամբ լսեցի: Պարզվեց, որ Շիրինյանը վերադարձել է Ղարաբաղից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նա սկզբում պատմեց, որ «գիտության մարդկանց» խմբի շարքերում մասնակցել է նախագահի կողմից խրախուսված միջոցառմանը. «Նպատակը պարզ է. լինել առաջնադիրքում, զրուցել այդքան թանկ զինվորների հետ, հանդիպել սպաների հետ և ծանոթանալ այն իրադրությանը, որը կա՝ փոխանցելու դա նաև մեր ժողովրդին»:
Դրանից հետո պրոֆեսորը երկիրը փոխելու մեխանիզմներ առաջարկեց՝ ասելով, որ պատրաստ է դրանք առաջարկել իշխանություններին.
– Ես հրապուրված եմ Կարլ Գուստավ Յունգի անալիտիկ հոգեբանության իր էլեմենտով կամ նրա հիմքով, ինչպիսին արքետիպերի մասին ուսմունքն է, որովհետև լուրջ քաղաքագիտական վերլուծություն է, պահանջում է լուրջ հոգեբանական, ֆիզիոլոգիական բազաներ, էքսպերիմենտալ բազա։ Եթե դա չի լինում, եզրակացությունները կարող են հաճախ շատ վտանգավոր սխալների տանել… Արքետիպերն են կոլեկտիվ անգիտակցականի մեջ կարևոր, և սա եթե մենք ճանաչում ենք, ուրեմն մենք կարող ենք շարժվել առաջ և մոտավորապես ճիշտ կռահումներ անել։
…Ես ուսանողների հետ եմ աշխատում, ինձ համար շատ ակնհայտ երևում է, որ էն անլրջությունը (չակերտներում) երիտասարդական, որ բնական է էդ տարիքին և ուսանողությանը, փոխարինվել է շատ թախծոտ մտահոգության, բայց լուրջ տղամարդկային դիմակայության։ Շատ հետաքրքիր տրանսֆորմացիա է հոգեբանական. մենք մեր դիմաց տեսնում ենք ուսանողի տարեկիցին, որ ամեն օր աշխատում ենք լսարանում, փողոցում ենք տեսնում։ Բայց տեսնում ենք նաև էդ աչքերի հետևում առնականացած էն հային, որը ապավինեց՝ գիտակցաբար կամ ոչ (դա կարևոր չի, նա տեսաբան չի՝ զինվորը, նույնիսկ սպան)։ Տեսանք արքետիպով հային՝ վերադարձած. տիգրանմեծյան…
Հայ ժողովուրդը աշխարհում միակ ժողովուրդն է, որը ունի ոսոխ, մի ճիվաղ՝ թուրքը, որ ոչ մի ժողովուրդ այդպիսի թշնամի չունի։ Որի բնազդի մեջ միայն ոչնչացնելն է հայության։ Սա էթնիկական ատելության խորքն է, որը հոգեբանական գիտությունը պետք է բացատրի, թե ինչու էս ճիվաղը էդ մակարդակով ատում է Հայաստանը և հայ ժողովրդին և ինչու է անպայման ուզում ամեն ինչին տիրանա ահռելի քանակությամբ ամեն ինչին տիրանալուց հետո։ Սա ընդգծենք, որ տեսնենք։ Էս կոռումպացված (ոնց ասեմ, չեմ ուզում խիստ բառեր ասեմ՝ եթերի համար չի) սուբյեկտը, տհասը պիտի հասկանա, իր դեմ ով է կանգնած։ Իրեն էլ են մորթելու, իրա աղջկան էլ է վտանգ հասնելու, ինքն էլ փրկություն չունի, եթե էս վիճակին վերջ չտա։ Եղա՞վ։ Սա գիտակցության հարց է…
Մենք պետք է հասկանանք մի բան, որ ես այնտեղ (Ղարաբաղում) ուշադրության ներկայացրեցի: Մենք մինչև չսովորենք օրախնդիր հարցերի հետ միասին (ինչի մեջ խրվելու սովորություն ունենք), չտեսնենք զարգացումը հեռանկարի մեջ… չպլանավորենք, թե մենք 20 տարի հետո, ուր ենք հասնելու, ինչ ենք անելու, արդյ՞ոք նահանջելու տեղ ունենք, թե չունենք, մենք ոչ մի հարց չենք լուծելու։ Էլի նորից էս երիտասարդության հերոսական, աննախադեպ թռիչքը, բայց միաժամանակ արդյունքն էլ ստատուս մի քվո, որը ակնհայտորեն մեզ համար ծանր վիճակ է առաջացնելու, որովհետև հարց չի լուծվում։ Էն մեկը լուծվում է՝ գոյապահպանության, բայց մենք չենք ծնվել դարերով գոյապահպանության համար։ Խիստ անհրաժեշտ է երկիրը արագ, շտապ տեղափոխել մոդերնիզացիայի ռելսերի վրա… Երկիրը պետք է մոբիլիզացիոն վիճակի անցնի։ Ձևակերպումներն իրենք թող գտնեն։ Եթե ուզեն, կօգնենք, կգտնեն։ Երկիրը ռազմական դրության վիճակի պետք է բերվի…
Առաջինը. արդյունաբերությունը պետք է դաժան քրտինքով, աշխատանքով վերականգնվի, գիտությունը առանց ձևականության, առանց թղթաբանության, առանց արևելա-արևմտաբանական, միջազգային վարկանիշների, ամսագրերի և այլն… Պիտի ռեալ վերականգնվի… նաև հոգեբանական գիտությունը…
Օրինակը շատ հայտնի է։ Ես ուզում եմ էս իշխող դասակարգին մի բան ասեմ. ոչ թե էն որ «մենք պիտի հազար տարի կառավարենք», թող երկու հազար տարի կառավարեք։ Ո՞ւմ վրա եք կառավարելու, ի՞նչ եք կառավարելու… 1933 թվականին Հիտլերը եկավ իշխանության, 39 թվականի սեպտեմբերին սանձազերծեց Համաշխարհային երկրորդ պատերազմը և նետվեց համաշխարհային տիրապետության։ ԽՍՀՄ-ն էլ հազիվ է փրկվել։ Հիմա ով ուզում է, թող գնա, տեսնի, թե ինչ վիճակով է փրկվել։ Ռուսաստանը չփրկվեց։ Էն հաղթած Ռուսաստանը մինչև հիմա Հիտլերի հարվածի արդյունքներն է մարսում, դեռ չի էլ կարողանում։ Բայց, քանի որ ռուս են, չեն ուզում իմաստավորել իրենց ստացածի արդյունքը։ Անէացած երկիրը, ծանր բեռի տակ ընկած գերմանական ժողովուրդը տեսավ առաջնորդ (լավ, վատ՝ հիմա դա չէ խնդիրը), տեսավ նպատակ, տեսավ վեհություն, որովհետև նա խիստ վիրավորվել էր 18 թվականին կնքած այդ պայմանագրից… Եվ այդ ամբողջ նախապատրաստական աշխատանքը՝ 6 տարի։ Անցել է 26 տարի, և մենք ճանապարհի փոսի հարցը դեռ չենք լուծել։ Բանակի մակարդակը պետք է քաղաքացիական հասարակությունը բարձրացնի այդ վիճակին…
…Այդուհանդերձ մեզ համար ժամանակը նպաստավոր է։ Մեր տարօրինակ դաշնակիցը այսօր այդուհանդերձ պահում է Թուրքիայի հետ սահմանը։ Սա աստծու կողմից տրված ժամանակ է, պետք չէ անընդհատ ոռնալ, թե Արևելքում ինչ արեց։ Քանի սահմանը պահում է, մենք պետք է հարցը լուծենք։ Պետք է լինենք ագրեսիվ, հարձակվենք անպայման։
Այս սերունդը՝ զինվորներով, սպայական կազմով, եթե հանկարծ գեներալ լիներ, ինչ կլիներ: Բաքու կմտնեին։ Բաքվից էլ կգնային Նազարբաևի ականջները կկտրեին, վստահ եղեք։
…Հայաստանը պետք է կառավարի այն էլիտան, ով ունի զինվորական կրթություն, ինչպես Իսրայելում է…
Նաև պետք է իմանանք, որ վաշխառուական կապիտալի երկիրը երկիր չէ, չի կարող լինել։ Մեզ արդյունաբերական բուրժուազիա է պետք, որի նշանաբանը պետք է լինի. հարուստներին՝ այո, բայց աղքատությանը՝ ոչ։
Աղքատություն Հայաստանում չպետք է լինի։ Ու իմ ասածը ֆանտաստիկ չթվա: Թե մենք Ադրբեջանի հարցը չլուծեցինք, թե մենք մեր պատմական վրեժի հարցը չլուծեցինք… Գերմանիայի վիրավորանքը, որի պատճառով նա նետվեց 2-րդ համաշխարհային պատերազմին, այդ վիրավորանքը մեզ համար խաղ ու պար է, համեմատած մեր վիրավորնաքի, որ ստացել ենք անտարբեր աշխարհից։
…Մեր էլիտան պետք է դառնա ստրատեգիական էլիտա, որը ունի հայրենիքի և պետականության տեսլական։ Եվ որը արժանապատվորեն կնստի ամեն մի ճորտատիրոջ հետ, կբանակցի հավասարը հավասարի հետ կամ կթելադրի, որովհետև մեր երկրի աշխարհագրական դիրքը ունի բացառիկ նշանակություն շատերի համար։ Սրանք հարցեր են, որ թվում են դժվար, բայց պետականությունը դրվում է դժվար ռելսերի վրա, հեշտ չի լինելու։ Չդնել ռուսների վրա հույս, քանի անգամ կարելի է խաբվել այդ ժողովրդի կողմից, և էլի հույսը դնել ինչ-որ մեկի վրա։ Իսկ մնացածն էլ, ովքեր Հայաստան ստեղծելու տեսլականի արգելք են ստեղծում, ճանապարհը պիտի թողեն մեկընդմիշտ և հեռու գնան…
Ես նախագահին կառաջարկեմ՝ երկիրը երբեմն կառավարել հրամանագրերով՝ շրջանցելով այս կոռումպացված և կամազուրկ օղակները, նույնիսկ դեկրետներով։ Ես սարսափելի ոչինչ չեմ ասում, մենք պետք է հաջորդ գոյամարտում հաղթենք:
…Եվ բանակի համար ոչինչ չպտեք է խնայել, և սրա մեջ դեմագոգիա չկա։ Նրանք իսկապես մեր երեխաներն են, զուլալ, ազնիվ, աչքը՝ թշնամու վրա։ Բա կարելի՞ է այդպիսի բանակին պահել այդ ձևով։ Կարելի՞ է զինվորի փողն ուտել, սնունդը ուտել, կարելի է վոյենկոմատները վերածել զտման կետերի։ Հարուստներն առաջինը պետք է գնան ռազմաճակատ և ժողովուրդը պաշտոնյաների երեխաներին պետք է տեսնի խրամատում։
Շատ լավ տեղ է, իմիջայլոց ասեմ, եթե ուզում եք տղամարդ ունենաք։ Իսկ աղջիկներին կոչ եմ արել՝ խուսափեք որկրամոլ տղամարդկանցից։
Յուրի Մ.
Լուսանկարը՝ Panarmenian Photo