«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշումը, համաձայն որի ամուսիններ Բագրատ և Նարինե Նալբանդյաններին և նրանց դստերը՝ Արևիկ Նալբանդյանին խոշտանգել են, խախտել նրանց արդար դատաքննության և դատական մարմիններում պաշտպանության իրավունքը, հրապարակվել է դեռևս 2015 թվականի մարտի 31-ին, բայց «Վճռաբեկ դատարանը գործը քնեցնում է» և 14 տարվա ազատազրկման դատապարտված Նարինե Նալբանդյանը շարունակում է մնալ բանտում։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ընտանիքի փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է այս հարցով կրկին դիմել Եվրադատարան։
«Հրապարակ»֊ը նշում է, որ Նալբանդյանների ամբողջ ընտանիքին կալանավորել էին 2004 թվականին Վարդենիսում Արևիկ Նալբանդյանի դասընկերուհու սպանության հետ կապված։ Վերջինիս տանջել, բռնության էին ենթարկել, սպանել և նետել հորը։ Դեպքի հետ կապված Նալբանդյանների ամբողջ ընտանիքին կալանավորել էին, խոշտանգել և խոստովանական ցուցմունքներ պոկել նրանցից։
ՄԻԵԴ-ի արդարացման վճռից հետո Սաֆարյանը դիմել է Վճռաբեկ դատարան 2005 թվականի դատարանի որոշումը բեկանելու և նոր քննություն սկսելու համար։ Սակայն, ըստ Սաֆարյանի, չպատճառաբանված ձևով 1 տարի ձգձգվում է գործի լսումը և դատական նիստ չի նշանակվում՝ չնայած բոլոր հնարավոր ժամկետները անցել են։
«Օրենքով դատարանը պետք է 3 ամսվա ընթացքում նիստ նշանակեր, ինչը չի անում», -թերթի հետ զրույցում ասել է փաստաբանը՝ հավելելով, որ Նարինե Նալբանդյանը արդար է ճանաչվել, բայց 1 տարի է շարունակում է մնալ բանտում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում