Մայիսի 30-ին ձերբակալված գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը ապրանքատեսակների գնման գործընթացում չարաշահումներ է թույլ տվել։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Չիլինգարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել)։ Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, Չիլինգարյանը, ինչպես նաև գնդապետեր Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։
«Մասնավորապես, բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ընկերության հետ (անունը չի նշվում֊խմբ․) կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։
Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթը նշում է, որ երեկ Չիլինգարյանի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թերթի փոխանցմամբ, գեներալը սրտի հետ կապված խնդիրներ ունի։