Home / Տեսանյութեր / «Հարկային բեռն ավելացվելու է»․ ԱԺ֊ում քվեարկեցին Հարկային նոր օրենսգրքի օգտին

«Հարկային բեռն ավելացվելու է»․ ԱԺ֊ում քվեարկեցին Հարկային նոր օրենսգրքի օգտին

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ՝ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով ընդունել է Հարկային նոր օրենսգիրքը։ Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, իրենց դժգոհությունն են հայտնել օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ այն թերի է, ընդունվել է հապճեպ, առանց պատշաճ քննարկման։

Քվեարկությունից առաջ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել է, որ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ոչ մի էական փոփոխության չի ենթարկվելու և այն 90 միլիարդ դրամով ավելացնելու է հարկային բեռը հարկ վճարողների վրա․ «Կարող էր կառավարությունը, այս անգամ, մարդ գտնվեր և ասեր՝ չէ, եկեք սկզբից փոփոխություններն անենք, հետո դնենք քվեարկության, քանի որ առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ընդունելը նշանակում է, որ օրենսգրքի վրա այլևս լուրջ փոփոխութոյւն չի արվելու»։

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը նույնպես սխալ է համարել օրենքի ընդունումը՝ ընդգծելով, որ օրենքը «խանգարելու է բիզնեսի զարգացմանն ու ավելացնելու է ստվերայնությունը»։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ օրենսգրքի ընդունմամբ թանկանալու է գազը և դիզելային վառելիքը, իսկ օրենքն ընդունվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտադրանքով։

«Խորհրդարանական մեծամասնության և կառավարության մղումն ամեն կերպ դնել քվեարկության և ընդունել, ըստ էության, հաստատում է այն վարկածը, որ հիմա միջազգային ֆինանասական կազմակերպությունների կողմից կա հստակ պարտադրանք։ Այսինքն, Հարկային օրենսգիրքը պետք է առաջին ընթերցմամբ ընդունված լինի, որ արագ տեմպով շատացող վարկերի հետ կապված խնդիրներ չլինեն միջազգային ֆինանասական կազմակերպությունների հետ»,- ասել է պատգամավորը։

Նշենք, որ նոր Հարկային օրենսգրքով նախատեսվում է որոշ հարկատեսակների դրույքաչափերի բարձրացում, մասնավորաբար, բարձրանալու են օղու, ծխախոտի ակցիզային հարկի, սեղմված գազի դրույքաչափերը։