Գյումրու ավագանու այսօրվա նիստին 1 միլիոն դրամ հատկացնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի առթիվ հրավառություն կազմակերպելու առաջարկը միաձայն ընդունվեց: Չնայած դրան, մինչ քվեարկությունը հարցի շուրջ քննարկում եղավ, որի ընթացքում Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը բարձրաձայնեց իրեն մտահոգող հարցերը։
«Իմ տեղեկություններրով՝ Հռոմի պապը չի սիրում հրավառություն: Անխուսափելի՞ է էս հրավառության անհրաժեշտությունը: Կարո՞ղ ենք այս գումարը ուրիշ արդյունավետ եղանակով օգտագործենք, թե պարտադիր է վառենք…», – նախագծի քննարկման ժամանակ ասել է Բարսեղյանը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պնդել է, որ հրավառությունը անհրաժեշտ է, քանի որ «մենք էլ ենք ուզում ցույց տալ, որ մենք էլ գեղեցիկ քաղաք ունեք»: Բարսեղյանի այն հարցին ինչո՞ւ է հատկացվում այդքան շատ գումար, քաղաքապետը պատասխանել է, որ գուցե 500-600 հազար կազմի, բայց կարող են անկանխատեսելի ծախսեր լինել, դրա համար էլ ընդհանուր առմամբ նշվել է 1 միլիոն դրամ:
«Իսկ հրավառությունը ինչի համար է անհրաժեշտ. դե ոնց որ տոն է էլի, շատ այցելուներ ենք ունենալու: Մինչև ժամը 6-ը Հռոմի պապը լինելու է Գյումրիում, դե որ մի երկու ժամ հետո մի հատ հրավառություն լինի, վատ չի լինի: Մենք էլ ենք էլի մարդ, մենք ապրում ենք սովորական առօրյայով… Հռոմի պապի համար չենք անում, անում ենք մեզ համար», – ասել է քաղաքապետը։