հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հիվանդներին չեն օգնում, կալանավորներին ծեծում են մահակով․ բանտերում վիճակը վատ է

Հիվանդներին չեն օգնում, կալանավորներին ծեծում են մահակով․ բանտերում վիճակը վատ է

Եթե ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը համեմատենք նախորդ տարիների վիճակի հետ, ապա որևէ դրական փոփոխություն չկա նաև այս տարի։ Գուցե, որոշ անհատական խնդիրներ լուծվում են, սակայն համակարգային ոչ մի խնդիր չի լուծվում։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նորընտիր նախագահ Արայիկ Զալյանը։

Այս տարվա հունվարի 1-ից սկսած խումբը ՔԿՀ-ներում կատարել է 57 այցելություն և հանդիպել է 88 կալանավորված անձանց հետ։

«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ՔԿՀ-ներում արդիական է մնում խոցելի խմբերի հիմնախնդիրները։ Այդ խոցելի խմբերն են՝ քրեակատարողական հիմնարկներում գողական օրենքներին չենթարկվող խմբերը, որոշակի առողջական խնդիրներ ունեցող անձինք, նույնասեռականների և մեթադոնային բուժում ստացող անձանց խմբերը», – ասել է դիտորդական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը։ Նա նշել է, որ հենց այդ խմբերն են ՔԿՀ-ներում ենթարկվում խտրականության։

Դիտորդական խմբի անդամ Արա Ղարագյոզյանն անդրադարձել է հունիսի 12-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ, համաձայն բանախոսի, կալնավորներ Տիգրան Եգանյանի, Արթուր Հովհաննիսյանի և Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ մահակ է կիրառվել։

«Ըստ ՔԿՀ-ի՝ կալանավորները պահանջել են ծխախոտ, իրենք չեն տվել և կալանավորներն անհանազանդություն են ցույց տվել։ Սակայն երբ մենք հանդիպեցինք կալանավորների հետ, նրանք հակառակը պնդեցին։ Նրանց խոսքով՝ ոչ թե ծխախոտ են պահանջել, այլ նրանց խցում կա հոգեկան խնդիր ունեցող անձ, և այդ օրը երեք անգամ բժշկական օգնության կարիք է զգացել, նրանք պահանջել են բժիշկ, սակայն ոչ մեկը չի մոտեցել նրանց։ Դրա համար էլ անհնազանդություն են դրսևորել կալանավորները, սակայն նրանց տեղափոխել են այլ սենյակ և մահակով ծեծել, որի հետևանքով՝ մեկի մատն է կոտրվել և բոլորը ստացել են մարմնական վնասվածքներ։ Դատաբժշկական փորձաքննությունը նշանկվել է 4 օր անց միայն և ոչ բոլոր վնասվածքներն են ֆիքսվել։ Կալանավորները դիմել են գլխավոր դատախազին, սակայն նրանց հանցագոծության մասին հաղորդումները դուրս չէր եկել ՔԿՀ-ից։ Հետագայում դիտորդական խումբն է հաղորդում տվել հանցագործության մասին։ Նշեմ նաև, որ այդ հոգեկան հիվանդություն ունեցող մարդու վիճակը շատ է վատացել, նա չի քնում, գոռում է, անընդհատ քայլում է։ Եվ նրան օգնություն ցույց չեն տալիս», ֊ ասել է Ղարագյոզյանը։ Նա նաև ընդգծել է, որ մինչև օրս Արդարադատութան նախարարությունից դեպքի հետ կապված որևէ արձագանք չկա։

Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական հիմնարկներում տիրող «գողական կարգերին»։

«ՔԿՀ-ների գլխավոր խնդիրը այն է, որ չկան կանոնադրային հարաբերություններ։ ՔԿՀ-ներում կան չգրված քրեական օրենքներ և դրանք են գերիշխում։ Եթե դատապարտյալը սկսում է դրսևորել ոչ ցանկալի վարքագիծ, բողոքել նրան շատ հեշտությամբ քրեական աշխարհի միջոցով ճնշում են։ Կարող են դատապարտյալին ներքաշել տարբեր խաղերի մեջ՝ ընդհուպ նա կարող է վաճառել իր ողջ ունեցվածը դուրս գալու համար այդ վիճակից», – ասել է դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։ Վերջինս նշել է, որ ՔԿՀ-ներում անհրաժեշտ է հեղափոխություն, և դա պետք է լուծվի պետական մակարդակով։ Ռևազյանի համոզմամբ՝ ՔԿՀ-ները և քրեական աշխարհի ներկայացուցիչները համագործակցում են իրար հետ․ «Շատ հաճախ հենց ՔՀԿ-ի աշխատողներն են ասում՝ այդ քրեական աշխարհը օգնում է մեզ, որ հսկողության տակ պահենք բանտարկյալներին»։

Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական հիմնարկներում կալանավորների բժշկական սպասարկման խնդիրներին։

«2015 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՔԿՀ-ներում մահացել է 28 անձ, որից 3-ը ինքնասպանություն է գործել, իսկ մնացածը՝ հիվանդությունից են մահացել։ 9 անձ է ընդամենը հիվանդության հիմքով ազատվել պատիժը կրելուց։ Այսինքն՝ այն 25 անձինք, որոնք մահացել են հիվանդության հիմքով, միգուցե նրանք էլ էին ենթակա ազատման, դրանք իհարկե կասկածներ են, բայց այս մահվան դեպքերով որևէ քննություն չի կատարել», -ասել է Զալյանը։

Նա նշել է, որ միայն մեկ մահացած կալանավորի ընտանիք է դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Զալյանը այդ կազմակերպության անդամ է֊խմբ․)՝ մահվան հանգամանքները պարզելու համար․ «Կալանավոր Սերոբ Գևորգյանին ուշ են ցույց տվել բժշկական օգնություն, սա վկայում է նաև դատաբժշկական եզրակացությունը, այդ պատճառով էլ մահացել է։ Եթե ընտանիքը չբողոքարկեր, մենք այդ մասին չէինք իմանա»։

Անդրադարձ է կատարվել նաև հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանի վիճակին, որը երկար ժամանակ գամված է սայլակին։

«Խցում ոչ մի պայման չկա։ Դա խոշտանգում է տվյալ անձի նկատմամբ։ Պետությունը պարտավոր է կատարել իր պոզիտիվ պարտավորությունները, որ չի արել», -նշել է Զալյանը։