Home / Հայաստան / Հայաստանում խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվն անհամաչափ մեծ է

Հայաստանում խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվն անհամաչափ մեծ է

Վերջին մեկ տարվա կտրվածքով Հայաստանում անցկացված խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ, իսկ հավաքներից 20-ի ընթացքում անգամ գերազանցել է մասնակիցների թիվը: Այս մասին ասվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված խաղաղ հավաքների մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 4-ին։ Զեկույցում դիտարկվել են 2015 թվականի հուլիսի 6-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ն անցկացված 126 հավաքներ, որից` 115-ը տեղի են ունեցել Երևանում, 8-ը` Վանաձորում և 3-ը` Գյումրիում:

Հավաքի վայրերում ներկա ոստիկանների անհամաչափ մեծ թիվը, համաձայն զեկույցի հեղինակների, օրենքի խախտում է:

Ուսումնասիրությունը փաստում է, որ, ինչպես նախորդ տարիներին, հավաքների և երթերի ընթացքում ոստիկանների թիվը և սպառազինության հագեցվածությունը պայմանավորված են եղել ոչ թե հավաքի մասնակիցների թվով, այլ հավաքի տեսակով, բնույթով, կազմակերպիչներով և հավաքի անցկացման վայրով:

Դիտարկված հավաքների մեծ մասն ունեցել է քաղաքական բնույթ: Դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ ոստիկանության կողմից առավել խիստ վերաբերմունքի են արժանացել այն հավաքները, որոնք նախատեսվել են անցկացվել նախագահի նստավայրի առջև. «Ոստիկանները գրեթե միշտ միջամտել են նման հավաքների ընթացքին, իսկ որոշ դեպքերում` արգելել հավաքն անցկացնելը»:

Համաձայն զեկույցի՝ վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ են եղել խաղաղ հավաքների նկատմամբ ոստիկանության միջամտությունները: Շարունակվել են խաղաղ հավաքների մասնակիցների անհարկի ձերբակալությունները, որոնք ուղղված են եղել անձանց կողմից տվյալ կամ հետագա հավաքներին մասնակցությունը սահմանափակելուն կամ նախատեսված հավաքների անցկացումը խափանելուն:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։