«Նոր Հայաստան» շարժումն այսօր երթ է կազմակերպել՝ պահանջելով քաղբանտարկյալների, մասնավորապես, ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը։ Երթի մոտ 100 մասնակիցներ կեսօրից հետո հավաքվել են Ազատության հրապարակում և շարժվել դեպի նախագահական նստավայր։ Հենց հրապարակում նրանց կանգնեցրել է Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանն ու ասել, որ երթը օրինական չէ, քանի որ կազմակերպիչները նախապես ծանուցում չեն ներկայացրել քաղաքապետարան։ «Նոր Հայաստան» շարժման անդամ Գագիկ Եղիազարյանը հակադարձել է, որ երթին 100֊ից քիչ մարդ է մասնակցում, ուստի իրազեկման կարիք չկար։
Օսիպյանն ի վերջո թույլատրել է երթն անցկացնել, սակայն պայմանով, որ մասնակիցները վիրավորական արտահայտություններով պաստառներ չեն տանի, վիրավորական արտահայտություններ չեն հնչեցնի և կքայլեն Բաղրամյան պողոտայի ձախ մայթով, որը ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթն է:
Գագիկ Եղիազարյանն ասել է, որ իրենք շարժվում են դեպի Բաղրամյան 26, որպեսզի ՀՀ նախագահի պաշտոնն անօրինականորեն խլած մարդուց պահանջեն ազատել ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին, որից հետո երթը մեկնարկել է։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, նա մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Ինքը՝ Սեֆիլյանը, ինչպես նաև «Նոր Հայաստան» շարժումը, մի շարք այլ նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում են որակում։
Երթի մասնակիցները ունեին պաստառներ «Ռեժիմ, մենք բոլորս Ժիրայրի հետ ենք», «Մենք ոչինչ չունենք հանձնելու բացի հանձնողներից», «Ազատություն քաղբանտարկյալներին» գրառումներով։ Պաստառներից մեկի վրա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարն էր հետևյալ գրառումով․ «Միլիոնավոր հեկտարներից խոսացեք։ Ես սրբություն չունեմ՝ 800 հա»։ Նշենք, որ Սերժ Սարգսյանն ընդունել էր, որ ղարաբաղյան կողմը ապրիլյան պատերազմի ընթացքում 800 հեկտար է կորցրել այն բանից հետո, երբ Ժիրայր Սեֆիլյանը խոսել էր այդ մասին մամուլում։