Բաց նամակ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը
Ես չեմ ուզում նստել, սպասել, թե որտեղ կհանդիպեն և ինչ կրկնվող հայտարարություններ կանեն էլիտաները, ինչ կգրեն ու կցուցադրեն նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, ինչպես կհուղարկավորեն իրենց որդիներին հայ և ադրբեջանցի մայրերը, ինչպես բռնարարներին կմեծարեն, որովհետև նրանք «ուժեղ» են, իսկ զոհերին՝ կանարգեն, քանի որ «թույլերի» հետ բարբարոս հասարակություններում միշտ վատ են վարվում: Ինչպես բռնության նոր ալիք կբորբոքվի մեր հասարակությունների միջև և ատելության խոսքի նոր շատրվաններ կբխեն: Ես այդ պատկերը մի քանի անգամ տեսել եմ և չեմ կարողանում արդեն նայել էն հասարակություններին, որոնք անտարբեր են ու նման հակամարդկային կերպարանք ստանալը համարում են սովորական: Ես ապշում ու ինքս ինձ չեմ կարողանում ներել, թե ինչպես ենք մենք հանձնել խաղաղության մասին խոսելու հնարավորությունը մի խմբի, որը երկու երկրների հասարակությունն օտարել է միմյանց հետ շփվելու և միմյանց հասկանալու իրավունքից: Ամեն օր մենք մեր լռությամբ բացում ենք տարածություն, որտեղ ատելության հաղթարշավն է: Մի՞թե չկան մարդիկ, ովքեր կփորձեն տարածաշրջանում համատեղ խաղաղ կյանքի հեռանկարն ուրավգծել ու լուծումներ առաջարկել, ճեղքել լռության ու անհասկացվածության պարույրն ու կոտրել կարծրատիպերը:
Խաղաղությունը դա պատերազմի զսպումն ու հրադադարը չէ ամենևին, այլ խոսելու, լսելու ու կիսվելու կարողությունը: Ինչպես մենք կարող ենք մեզ հասցնել մի վիճակի, երբ, ենթարկվելով կառավարող կոռումպազված և մարդատյաց համակարգին, լռենք՝ տեսնելով մարդկության դեմ կատարվող հանցագործությունների պատկերներ, չընդվզենք, չբարձրաձայնենք և որևէ քայլ չձեռնարկենք այդ բռնարարքների կասեցման ու հետագա արյունալի զարգացումները կանխելու ուղղությամբ: Շատ հաճախ մեր երկրների ներսում գործող քարոզչական մեքենան, թշնամու կերպարի ընկալումը, կեղծ հայրենասիրական պաթոսի վարակիչ ու համընդհանուր բռնկումը խանգարում են ազատ մտածել և լինել համաշխարհային մարդասիրական տրամաբանության մեջ, հասկանալ և ընկալել, թե ում է ձեռնտու պատերազմն ու ինչու այն չի դադարում, սակայն մենք ևս մեր լռությամբ ու անգործությամբ դառնում ենք մասն այդ հանցագործության: Լռությունը լցվում է կրակոցներով, որոնք մարդկային կյանքեր են խլում՝ տարածքը լցնելով բռնության ծեսի պատկերներով: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հանդիպում ու գոնե փորձում էին շփվել միմյանց հետ ևս լռեցվել կամ մեկուսացել են: Ինչո՞ւ ենք մենք այդքան հեռացել մարդկային կերպարից, խոսելու, լսելու ու խաղաղություն կերտելու հնարավորությունից:
Դիմում եմ Ադրբեջանում ապրող առողջ ուժերին, ովքեր, վստահ եմ, կան ու չեն կորցրել հույսը գործոն լինելու և կյանքի մշակույթի կրողն են: Բռնությունը մենք կարող ենք կանխել միայն միասնական ջանքի շնորհիվ: Ոչ ոք չի կարող կանգնեցնել արյունահեղությունը, որը խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր և շարունակելու է խլել, եթե մենք չկանգնեցնենք այդ մարդասպան մեքենան:
Փորձենք խոսել, փորձենք նորից ճեղքել լռության պարույրն ու տանք տարածաշրջանին խաղաղ գոյակցության հնարավորություն: Ես դեռ չեմ կորցրել իմ հույսը մարդկության ու մարդասիրության հանդեպ: Բռնությունը կարող ենք կանխել միայն կյանքը գնահատելով, ինչը հնարավոր է միայն խաղաղության դեպքում:
Զարուհի Հովհաննիսյան
‹‹Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակ››-ի դափնեկիր