«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի ծառայակից ընկեր, Հրազդան քաղաքի բնակիչ Վահե Մանուկյանի տուն այսօր առավոտյան դուռը ջարդելով մտել են Քննչական կոմիտեի աշխատակիցները՝ խուզարկություն կատարելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան»-ը։
«Վահե Մանուկյանը Պավել Մանուկյանի որդու ծառայակից ընկերն է և որևէ առնչություն չունի «Նոր Հայաստան»-ի և կամ առհասարակ քաղաքական գործունեության հետ: Նա երեկ մասնակցել է Պավել Մանուկյանի որդու ծննդյան տարեդարձի արարողությանը: Թերևս այդ հանգամանքն է պատճառ դարձել նրա տունը խուզարկելու համար», – նշում են հայտարարության հեղինակները:
Համաձայն նախաձեռնության տվյալների, խուզարկության պահին տանը ոչ ոք չի եղել, այդ պատճառով այնտեղ մուտք են գործել դուռը ջարդելու միջոցով:
Խուզարկություններ են կատարվել նաև «Նոր Հայաստան»-ի աջակիցներ Հովհաննես Հարությունյանի (Արարատի մարզ, գյուղ Բյուրավան) և Սմբատ Բարսեղյանի (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) տներում: Վերջիններս, նշված է հայտարարության մեջ, կանչվել են հարցաքննության: