հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Բոլորը հոգու խորքում աջակցում են նրանց». Քաղաքացիները Երևանի կենտրոնում հավաքվելու կոչին չարձագանքեցին

«Բոլորը հոգու խորքում աջակցում են նրանց». Քաղաքացիները Երևանի կենտրոնում հավաքվելու կոչին չարձագանքեցին

Այսօր Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում հավաքվելու կոչին քաղաքացիները չէին արձագանքել: Կոչը համացանցում տարածվել էր «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անունից, որը հորդորում էր քաղաքացիներին առավոտյան 10:00-ին հավաքվել Ազատության հրապարակում, Կենտրոն համայնքի դատարանի մոտ, Մաշտոցի պուրակում, Հանրապետության հրապարակում: Epress.am-ի լրագրողները այդ ժամին շրջել են Երևանի կենտրոնում, սակայն միայն Մաշտոցի պուրակում հանդիպել են մոտ 65 տարեկան Պավել Եդիգարյանին: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ հասկանում է երեկ Էրեբունի համայնքում ՊՊԾ գունդը գրաված անձանց շարժառիթները:

Նրա խոսքով` ՊՊԾ գունդը գրավված անձինք նման հուսահատ քայլի են դիմել, որովհետև իշխանություններն այլ ճանապարհ չեն թողել, և ինքն այսօր պատրաստ է միանալ նրանց:

«Ես էլ եմ ուզում իշխանությանն ասել, որ բաց թողնեն Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին և մյուս քաղբանտարկյալներին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Պավել Եդիգարյանը:

Նրա կարծիքով՝ այսօր Մաշտոցի պուրակում իր հետ ոչ ոք չկա, որովհետև մարդիկ այլևս չեն հավատում, որ կարող է ինչ-որ բան փոխվել: Չնայած դրան, նա համոզված է, որ ստեղծված իրավիճակից ժողովուրդը  միայն կարող է ելք գտնել, եթե դուրս գա փողոց:

«Գուցե, այդ քայլը մարդկանց գիտակցության մեջ ինչ-որ բան կփոխի: Գուցե, իշխանությունն էլ հետևություն անի, չնայած նրանք չեն կարողանում հետևություն անել: Կարծում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներն էլ իրականում հոգու խորքում աջակցում են նրանց», – ասել է Եդիգարյանը:

Նշենք, որ հուլիսի 17 -ին, առավոտյան ժամը 05:00-ին Սասնա ծռեր խմբավորման անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ շենքի վրա և գրավել այն: Բախման արդյունում  մահացել ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2 այլ ոստիկաններ և խմբավորման անդամներից մեկը ստացել են հրազենային վնասվածք: