ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: Այս մասին ասված է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ:
«ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը», – ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ կապը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ անջատվել էր և հայտարարել, որ իշխանությունները, հավանաբար, ցանկանում են խզել բանակցությունները: Քիչ անց, սակայն, Ենիգոմշյանը հայտնել էր լրագրողներին, որ ԱԱԾ ներկայացուցիչները կապ են հաստատել իր հետ ու հավաստիացրել, որ շարունակելու են բանակցությունները: Ակնկալվում է, որ այսօր ժամը 19:00-ին Ենիգոմշյանը պետք է կապ ապահովի ԱԱԾ-ի և խմբի անդամների միջև: