«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հուլիսի 31-ի առավոտյան հայտարարել է, որ երեկ սպանված ոստիկանի մահվան հետ իրենք կապ չունեն: Այս մասին նա ասել է 1in.am կայքի հետ զրույցում:
Նշենք, որ, համաձայն ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանի, ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի տարածքից արձակած դիպուկահարի կրակոցից՝ գտնվելով 350-400 մետր հեռավորության վրա՝ ավտոմեքենայի մեջ: Ավետիսյանի հավաստմամբ՝ այդ վայրն իրենց համար տեսանելի չէ և ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց ոստիկանների դիպուկահարի աջուձախ արձակած կրակոցից. «Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»:
Վարուժան Ավետիսյանը նաև ասել է, որ իրենց մոտ գտնվող բժիշկները պատանդի կարգավիճակում չեն եղել, քանի որ նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և իրենք թույլատրել են բժիշկներին ցանկացած պահին հեռանալ: Իսկ երեկ ժամապահը նկատել է, թե ինչպես են գնդում մնացած երկու բժիշկներն իրենց կամքով հեռացել. «Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ»:
Վարուժան Ավետիսյանը նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ խմբի անդամներն ասել են, որ ապստամբության մեկնարկ տալու իրենց առաքելությունն ավարտված է:
«Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում «Սասնա ծռեր» խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ։