2014-2016 թվականներին ՄԻԵԴ֊ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է վճարել 335 հազար եվրո՝ ՀՀ դատարանների խախտումներից տուժածներին։ Այսօր Կառավարության նիստում նման վիճակագրություն է ներկայացրել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա ասել է, որ 2014 թվականին Հայաստանի դեմ ՄԻԵԴ֊ը կայացրել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո, 2016 թվականին կայացրել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո:
ՄԻԵԴ֊ի վիճակագրության համաձայն՝ Հայաստանի դատարանները հիմնականում հետևյալ իրավունքներն են խախտում՝ սեփականության իրավունք, արդար դատավարության իրավունք, արդարացի փոխհատուցման իրավունք, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունք։
Սեփականության իրավունքի խախտումներին վերաբերող 2015 թվականի գործերից մեկը ներառված է ՄԻԵԴ֊ում Հայաստանի պրոֆիլի մեջ՝ որպես նշանակալից գործ։ Խոսքը «Չիրաղովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, որով դատարանը վճռել է, որ ղարաբաղյան հակամարտության հետևանքով խախտվել է Լաչինի քուրդ բնակիչ Չիրաղովի և մյուս 5 հայցվորների սեփականության իրավունքը։
Վերջին երկու տարիների գործերից ՄԻԵԴ֊ը կաևորել է նաև հայտնի «Մատաղիսի գործը»։ Եվրոպալան դատարանը վճռել էր, որ «Զալյանն ու մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանը խախտել էր սպանության մեջ մեղադրվող երեք զինծառայողների արդար դատավարության իրավունքը և ազատության ու անվտանգության իրավունքը։ Հիշեցնենք, որ հայցվոր երեք ժամկետային զինծառայողները, ովքեր 2005 թվականին դատապարտվել էին 15 տարվա, իսկ մեկ տարի անց` Վերաքննիչ դատարանի կողմից՝ ցմահ ազատազրկման իրենց 2 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով, տարիներ անց` 2012 թվականին, արդարացվել էին Վճռաբեկ դատարանի վճռով: