Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի աշակերտներն այս ուսումնական տարվա մեջ այսօր առաջին անգամ հաճախել են դպրոց։ Խաղողագործները մինչև սեպտեմբերի 15-ը թույլ կտան, որ երեխաները դպրոց գնան։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գյուղի բնակիչ, խաղողագործ Կոստան Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ եթե «Վեդի Ալկո» ընկերությունը նշված ժամկետից մեկ օր անգամ ուշացնի նախորդ տարի մթերված խաղողի դիմաց տրվելիք իրենց գումարները՝ համայնքի բնակիչները կրկին աշակերտներին դպրոց չեն ուղարկի, ինչպես դա արեցին նախորդ շաբաթ։
«Դրանից բացի՝ կդիմենք ավելի կտրուկ քայլերի», ֊ ասել է Ստեփանյանը։ Նա ընդգծել է, որ այժմ գործում է նաև գյուղի մանկապարտեզը, սակայն պարտքերը չմարելու դեպքում երեխաներին այնտեղ էլ չեն ուղարկի։
Խաղողագործի պնդմամբ՝ սեպտեմբերի 1-ի հանդիպունից հետո, երբ «Վեդի Ալկո» գինու գործարանի սեփականատեր Մանվել Ղազարյանը և մարզպետ Հարություն Սարգսյանը խոստացել են, որ մինչև սեպտեմբերի 15-ը կմարեն գումարն ամբողջությամբ, գյուղացիները դեռևս «ոչ մի կոպեկ չեն ստացել»։