«Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (ՄԳՄԻ, IPHR) կազմակերպությունը մտավախություն ունի, որ Երևանում հուլիսին անցկացվող ցույցերի ընթացքում անհամաչափ ուժի կիրառման պատասխանատուները կխուսափեն արդարադատությունից, ինչպես դա եղավ եղավ 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան»֊ի բողոքի ակցիաներից հետո։
Այս մասին ասված է միջազգային կազմակերպության կողմից նախաձեռնած՝ հուլիսի 17-31֊ը Երևանում անցկացված դիտարկումների արդյունքում պատրաստված «Այրված, ծեծված ու խաբված․ ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս» զեկույցում։ Հիշեցնենք, որ այդ օրերին «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել էին Էրեբունի թաղամասում գտնվող Ոստիկանության պարեկապահակային գունդը, իսկ խմբի աջակիցներն այդ ընթացքում ցույցեր են անցկացրել Ազատության հրապարակում, Խորենացի փողոցում և Սարի թաղում, որի ժամանակ բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։
«Հիմքեր կան եզրակացնելու, որ ոստիկանները հատուկ թիրախավորել են հուլիսյան բացառապես խաղաղ ցույցերի հիմնական առաջնորդներին, ձերբակալել են և մեղադրանք ներկայացրել «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար, որպեսզի թուլացնեն ցույցերը, որ ի վերջո մարեն դրանք», ֊ ասված է դիտորդական առաքելության զեկույցում։
Զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են ականատեսների վկայությունները, ֆոտո և վիդեո նյութերը, իրեղեն ապացույցները և տուժածների տրամադրած բժշկական փաստաթղթերը:
«ՀՀ ոստիկանության մասին օրենքում (հոդված 29) նշված են հատուկ միջոցների կիրառման դեպքերը։ Օրենքը հստակորեն սահմանում է, որ նախքան ուժ կիրառելը, ոստիկանները պետք է զգուշացնեն ցուցարարներին։
Սակայն, ո՛չ հուլիսի 20-ին, ո՛չ 29-ին պատշաճ զգուշացում չի արվել ցուցարարներին։ Հուլիսի 29-ին ոստիկանները ցուցարարներին զգուշացրել են փողոցը լքել 10 րոպեում, բայց այդ հայտարարությունն անելուց անմիջապես հետո անցել են զինամթերքի կիրառման, ինչպիսիք են՝ լուսաձայնային նռնակները, գազային նռնակները, ռետինե մահակները, փայտե մահակները և մետաղե ձողերը», ֊ ասված է զեկույցում։
Ցույցերին մասնակից անձանցից երկուսը, ովքեր հարցազրույցներ են տվել դիտորդներին, պատմել են, որ տեսել են, թե ինչպես են ոստիկանները ներխուժում տեղի բնակիչների տները, խուզարկություններ անում և ծեծում որոշ բնակիչների։ Այս տեղեկությունները հաստատվել են փաստահավաք խմբի ձեռք բերած նկարահանումների շնորհիվ։
Տուժածները փաստել են, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները նրանց դաժան ծեծի էին ենթարկում։
Առնաս Ավետիքյանը պատմել է փաստահավաք խմբի անդամներին, թե ինչպես են հուլիսի 29-ին իրեն բերման ենթարկել Խորենացի փողոցից.
«Երկու մարդ բռնեցին ձեռքերս։ Փորձեցին քարշ տալ, բայց չկարողացան։ Խփեցին ինձ ու տարան ոստիկանական բարիկադի հետևը։ Այնտեղ սկսեցին ծեծել ինձ։ Խփում էին փորիս ու մեջքիս։ Քանի որ քաղցկեղ ունեմ, մտածեցի, որ կարող են լուրջ վնաս տալ, եթե չասեմ, որ առողջական խնդիրներ ունեմ։
Ասացի, բայց նրանց պետքը չէր։ Էլի ծեծեցին ու մտցրեցին «Ուազ» մեքենան, որտեղ արդեն շատ այլ ցուցարարներ կային։ Մեկը լրիվ արնաշաղախ էր։ Քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծում էին բերման ենթարկվածներին»:
Հուլիսի 17-ին բերման ենթարկված ցուցարար Վարդգես Գասպարին պատմել է․
«Ես մենակ էի [ոստիկանական] տեղամասում, բայց դուռը բաց էր։ Ժամանակ առ ժամանակ գոռում էի՝ Սերժիկը մարդասպան է, չար է։ Քաղաքացիական հագուստով մեկը ներս եկավ, ես գետնին էի, կոշիկը դրեց քիթ-բերանիս ու սկսեց սեղմել՝ ասելով․ «Հիմա՞ ոնց ես գոռալու»։ Ես գլուխս թափ տալով շարունակեցի գոռալ՝ «Սերժիկ, մարդասպան»։ Նա տեսավ, որ չի կարողանում ինձ լռեցնել, սկսեց քացով խփել գլխիս։ Խփեց բազմաթիվ անգամ, չգիտեմ քանի, հետո գնաց»:
Հուլիսի 18-ին բերման ենթարկված Արթուր Մինասյանը պատմում է.
«Երկու ոստիկան ինձ տարան ոստիկանական մեքենա։ Հետո բերեցին իմ ընկեր Դավիթին և մի ուրիշ մարդու։ Մեքենայի դուռը փակելուց հետո մեզ ստիպեցին պառկել գետնին։ Նրանցից մեկը ծունկը դրեց մեջքիս՝ ճզմելով ձեռքերս։ Այդ ընթացքում մյուս ոստիկանը սկսեց խփել ու հայհոյել ինձ։ Բռունցքներով ու քացիներով էին խփում։ Մեզ ծեծում ու խոշտանգում էին մոտ 15-20 րոպե, ինչից հետո նրանցից մեկը հրամայեց պաչել ու լպստել իրենց կոշիկները։ Երբ տեղ հասանք Արթուրը հետո իմացավ, որ դա Դավիթաշենի ռազմական ոստիկանության զորմասն էր, լսեցինք, որ մի սպա հրամայում էր միզել մեր վրա»:
Զեկույցում զետեղված են ոստիկանության բռնություններին վերաբերող բազմաթիվ այլ պատմություններ։
Զեկույցի հեղինակներն հավաքած փաստերի հիման վրաառաջարկում են Հայաստանի իշխանություններին «անհապաղ և առարկայական քայլեր ձեռնարկել՝ 2016-ի հուլիսի 17-30-ի իրադարձությունների ընթացքում փաստագրված իրավախախտումների առնչությամբ պատասխանատվությունն ու արդարադատությունն ապահովելու համար։
«Հայաստանի իշխանությունները պետք է.
֊ Ձեռնարկեն անհապաղ, խորը և անկողմնակալ հետաքննություն՝ Երևանում 2016-ի հուլիսի 20-ին և 29-ին ցույցերը ցրող իրավապահների անօրինական գործողությունների մասին հաղորդումների վերաբերյալ։
֊ Հետաքննեն հետևյալ բոլոր հաղորդումները՝ ապահովելով հաղորդված բռնությունների հետ կապված յուրաքանչյուր առանձին դեպքի, այդ թվում՝ սույն զեկույցում փաստագրված հանգամանքների մանրազնին հետազոտություն», ֊ մասնավորապես, նշված է զեկույցում։