Հակառակ Արագածոտնի մարզում գտնվող «Արագած-1» փոքր ՀԷԿ-ի (ՓՀԷԿ) տնօրեն Գառնիկ Բեյբությանի պնդմանը՝ նրա ղեկավարած կառույցը խախտում է ՀԷԿ֊ի շահագործման մի շարք օրենքներ և նորմատիվներ։ Տնօրենի խոսքերը հերքում է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը։
Նախաձեռնության հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 12-ին իրենք տեսանյութ էին հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է ՓՀԷԿ֊ի շահագործման հետևանքով ամբողջովին ջրազրկվել Գեղարոտ գետը։ Դրա հաջորդ օրը «Հետք» լրատվական կայքը հրապարակել է «Ովքե՞ր են չորացնում Գեղարոտ գետը» հոդվածը, որում Գառնիկ Բյեբությանն ասում է, թե հնարավոր է նման պահ լինի վթարային իրավիճակի պատճառով: «Դա պարբերական բնույթ չի կրում, քանզի մենք ունենք սանիտարական թողք, մեր ձկնուղին գործում է, ամեն ինչ ըստ օրենքի»։
Նույն օրը ՀԲՃ֊ն ևս մեկ տեսագրություն է արել «Արագած 1»֊ի մոտ, որը, բնապահպանների պնդմամբ, մեկ անգամ ևս ապացուցում է, որ տնօրենի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։
«Իրականում ոչ մի վթար էլ չկա։ ՓՀԷԿ-ը բնականոն աշխատում է՝ գետի ողջ ջուրը վերցնելով խողովակի մեջ, պատվարից ներքև գետը լրիվ ցամաքած է, սանիտարական թողքի ճանապարհն ամբողջովին փակ է, որի մետաղյա փականը բացելու պտտանիվը շղթայով կողպված է, իսկ ձկնուղի ընդհանրապես չկա։ Այսինքն՝ խախտված են բոլոր հնարավոր օրենքներն ու նորմատիվները», ֊ նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ ՀԲՃ֊ի տեսանյութում․