Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներին մթերված խաղողի դիմաց պարտքի հարցը շարունակում է օդում կախված մնալ։ Դեռևս սեպտեմբերի սկզբին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը խոստացել էր խնդիրը կարգավորել սեպտեմբերի 15-ին, սակայն այսօր աղավնաձորցիների հետ հանդիպման ժամանակ նա պատճառաբանել է, որ վարչապետը փոխվել է և գյուղացիները պետք է կրկին սպասեն։ Կոնկրետ ժամկետներ մարզպետը չի նշել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գյուղի բնակիչ, խաղողագործ Կոստան Ստեփանյանը։
«Մենք ամբողջ գյուղով հավավքել էինք, մարզպետին էինք սպասում, որովհետև խոստացել էր, որ էսօր պետք է լուծեր էդ փողերի հարցը, բայց էկավ, նորմալ բան չխոսաց։ Մենակ ասեց, որ վարչապետը փոխվել ա, կառավարությունը փոխվել ա, պետք ա էլի անորոշ ժամանակով սպասենք», ֊ ասել է Ստեփանյանը։
Սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ թույլ չտալով, որպեսզի իրենց երեխաները դպրոց գնան։ Մարզպետի հորդորները լսելով՝ նրանք հաջորդ օրը երեխաներին դպրոց էին տարել՝ սպասելով սեպտեմբերի 15-ի հանդիպմանը։ Կոստան Ստեփանյանն այսօր մեզ հետ զրույցում հավաստիացրել է, որ իրենք կրկին թույլ չեն տալու, որ երեխաները դպրոց գնան, իրենք էլ հավաքվելու են դպրոցի բակում և բողոքի ցույց են անելու․ «Մենք էլ չենք կարա դիմանանք, ինչքան կարելի ա խաբել»։
Նշենք, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործներին «Վեդի Ալկո» գինու գործարանը նախորդ տարի մթերված խաղողի դիմաց պարտք է ընդհանուր առմամբ 140 միլիոն դրամ: Նախորդ տարի՝ խաղողի մթերման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաղողագործներին խոստացել էր, որ բոլորի խաղողն էլ կմթերվի և գումարը կվճարվի, սակայն մինչև այսօր խաղողագործները չեն ստացել հասանելիք գումարները։