հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / «Ո՞նց կլինի առանց ծեծի»․ ինչպես են ապրում Գեղարքունիքի մարզի կանայք

«Ո՞նց կլինի առանց ծեծի»․ ինչպես են ապրում Գեղարքունիքի մարզի կանայք

Համեմատած Հայաստանի մյուս մարզերի՝ Գեղարքունիքի մարզում առավել բարձր է կանանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև սեռով պայմանավորված աբորտների թիվը։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի (ԿՌԿ) ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը։

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերջերս Գեղարքունիքի մարզում քայլարշավ էր անցկացրել՝ նպատակ ունենալով հատկապես գյուղական բնակավայրերում իրազեկել կանանց բռնությունների և դրանցից պաշտպանվելու ձևերի մասին։ Սա կազմակերպության կողմից անցկացված թվով 3-րդ արշավն Հայաստանի տարածքում։ Նախորդ տարիներին նույն քայլարշավն իրականացվել էր Շիրակի և Արմավիրի մարզերում։

«Գեղարքունիքի մարզը պատահական չէր ընտրված։ Այս մասում առավել հաճախ են հանդիպում ընտանեկան բռնությունների դեպքերը», – նշել է Աղաբեկյանը։

Վերջինիս խոսքով՝ մարզի բոլոր գյուղերում նկատվել է նույն վերաբերմունքը ընտանեկան բռնության դեպքերի հանդեպ․ բռնություն ասելով՝ հարցվածները հասկացել են միայն ընդգծված դաժան, բիրտ վերաբերմունքը, սակայն, օրինակ, ծեծը կամ կնոջ նկատմամբ հոգեբանական ճնշումը բռնություն չեն համարել։

«Երբ հարցնում էինք՝ ձեր գյուղում կա՞ կանանց նկատմամբ բռնություն, ասում էին՝ ոչ, բայց երբ հարցնում էինք չկա՞ ընտանիք որտեղ ծեծ լինի, բոլորը միանշական ասում էին, որ դա առօրյա կյանքի մի մասն է։ Տղամարդիկ շատ հումորով էին վերաբերվում բռնության մասին զրույցներին, ասում էին՝ առանց դրա չի լինի, ո՞նց կլինի առանց ծեծի», – նշել է Աղաբեկյանը։

Նա նաև ընդգծել է, որ լուրջ խնդիր են սեռով պայմանավորված աբորտները։ Աղաբեկյանի խոսքով՝ դպրոցների դասարաններում ակնհայտ երևում է, որ տղաներն աղջիկներից շատ են։

Քայլարշավի ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակիցները հանդիպումներ են ունեցել դպրոցների, բուժական հաստատությունների և գյուղապետարանի ներկայացուցիչների հետ։

«Դպրոցներում դիտարկումները ցույց տվեցին, որ երեխաների մոտ արդեն իսկ կարծրատիպային մտածողություն կա այս հարցի շուրջ։ Երեխաները, օրինակ, ասում են՝ բռնությունը վատ է, սակայն երբ խոսք է գնում ընտանեկան բռնության մասին՝ այլ է։ Տղաներից մեկը՝ մոտ 12 տարեկան, ասաց, եթե կինը շիտակ բան չի անում, ուրեմն կարելի է ծեծել», ֊ նշել է ասուլիսի մեկ այլ մասնակից, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի մարզային ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը։

ԿՌԿ֊ի սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանը նշել է, որ չնայած գյուղերի տղամարդկանց 80-90 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, այնուամենայնիվ, տղամարդիկ հեռվից շարունակում են վերահսկել կանանց։

«Շատ դեպքերում նրանք ֆիզիկապես ներկա չէին, բայց սկայպի միջոցով վերահսկում են, թե կինն ինչ է հագնում կամ ուր է գնում։ Նման կերպ բռնությունը շարունակվում էր, և բացակա տղամարդու դերը շատ հաճախ ստանձնում էին սկեսուրները և սկեսրայրերը, որոնք հսկում էին, որ աղջիկներն ավելորդություններ թույլ չտան իրենց», – նշել է Հովհաննիսյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև դեռևս չամուսնացած կանանց վիճակին․ «Գյուղերում երիտասարդ աղջիկները նույնպես վատ վիճակում են։ Նրանք փակված են տներում, Երևան գալը տնեցիները համարում են կործանիչ, և կանայք միայն սպասում են ամուսնությանը»։

ԿՌԿ֊ի ներկայացուցիչների խոսքով՝ չնայած ամուսինները արտերկրում գտնվելով գումար են աշխատում և տուն ուղարկում, սակայն, բացի կենցաղային հոգսից, կանանց ուսերին է դրված նաև հողի վրա ծանր աշխատանքը։

«Այդ պատճառով շատ կանայք ունեն առողջական լուրջ խնդիրներ, շատերի մոտ վերարտադրողական օրգանները վաղ տարիքից հանված էին, տառապում էին սեռավարակներով, որոնք իրենց հետ բերել էին արտագնա աշխատանքի գնացած ամուսինները», – ասել է Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ գյուղական բնակավայրերում կանանց սեռական կյանքի գաղտնիությունը չի պահպանվում․ «Կանանց կյանքը հանրային էր, բուժաշխատողը կարող էր ասեր՝ բա չիմացա՞ր, Կարինեն սեռավարակ ունի»։ Նա ընդգծել է, որ մարզում մեծ է նաև ՄԻԱՎ-ով ապրող կանանց տոկոսը։

Աղաբեկյանը մարզում կանանց բռնությունների բարձր ցուցանիշը և դրանց մասին չբարձրաձայնելու սովորությունը կապել է մարզի՝ քիչ, թե շատ ապահովված լինելու հետ։

«Մի շատ հետաքրքիր բանի հանդիպեցի․ այստեղ մարդիկ ավելի լավ են ապրում, քան մյուս մարզերի գյուղերում։ Երբ այլ մարզերի գյուղերում կան ընտանեկան բռնություններ և դրան էլ գումարվում է ֆինանսական խնդիրները, կանայք չեն կարողանում հանդուրժել այլևս և բարձրաձայնում են այդ մասին, իսկ այստեղ կանայք ապահովված են ապրում։ Շատ հաճախ այսպես են ասում՝ մեզ լավ է պահում, ոչինչ որ մի քանի անգամ էլ ծեծի։ 6-7 ամիսը մեկ տղամարդը կարող է գալ, ծեծել կնոջը», – ասել է Աղաբեկյանը։

Նրա խոսքով՝ քայլարշավի ընթացքում հանդիպած կանայք, ավելի հպարտությամբ ցույց էին տալիս իրենց տան «ունեցած֊ չունեցածը»։

Բանախոսները նշել են, որ իրենց քայլարշավի ընթացքում ուսումնասիրությունները վկայում են, որ մարզում կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելելու համար մեծ ծավալի աշխատանքներ պետք է տարվեն, և միայն մի քանի կազմակերպությունները չեն կարող այդ հարցերը լուծել։ Նրանք պնդում են՝ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է պետական պաշտոնյաների կամքը։

Լուսանկարը՝ Կանանց ռեսուրսային կենտրոն