Գյումրու ավագանին այսօր քննարկեց և մերժեց ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԵՊՀ դասախոս Լևոն Սարգսյանին, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին առաջարկը։ Ստորագրահավաքը նախաձեռնել էր ընդդիմադիր ԳԱԼԱ կուսակցությունը։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն հանդիմանել է նախագծի հեղինակներին, թե «նման վերաբերմունք է ցույց տրվում պրոֆեսոր մարդու նկատմամբ»։ Բալասանյանը նաև ասել է, որ նախաձեռնության առաջարկի տակ ստորագրած 1800 գյումրեցիներին «ստորագրել են տվել»։ Նշենք, որ կիրակի կայացած ավագանու ընտրություններին Սամվել Բալասանյանին սատարում էր իշխող ՀՀԿ֊ն։
Ավագանիում առաջարկությանը կողմ էր քվեարկել միայն «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վերջին ընտրություններին ԳԱԼԱ֊ի երկրորդ համար Լևոն Բարսեղյանը։ Նա նշել է, որ նախ խրախուսելի է, որ առաջին անգամ քաղաքացիներն իրենք են նախագիծ բերել ավագանի։ Բացի դա, Բարսեղյանի կարծիքով, Լևոն Սարգսյանը բավարար արժանիքներ չունի Շառլ Ազնավուրի, Մարտիրոս Սարյանի և շատ ուրիշների կողքին նման կոչման արժանանալու համար։
Առաջարկի նախաձեռնողներից, ԳԱԼԱ կուսակցության անդամ Արմինե Դարբինյանը ներկայացրել է իրենց հիմնավորումները՝ այդ թվում նշելով, որ Լևոն Սարգսյանին այդ պատվավոր կոչումը շնորհվել է միայն այն բանի համար, որ նա նախագահի եղբայրն է։
«Լևոն Սարգսյանի ղեկավարած «Փյունիկ» հիմնադրամը կոռուպցիոն որջ է հիշեցնում, որտեղ միլիոնավոր դոլարներ են մտնում։ Գուցե շատերը մուծվում են այդ հիմնադրամին այն բանի համար, որ դա Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամն է, և փայ է պետք հանել սեփական ունեցվածքից»,֊ ասել է Դարբինյանը։
Ըստ նրա՝ այսպես կոչված բարեգործական հիմնադրամը նույնիսկ անվճար հիմունքներ չի ապահովում գյումրեցի երեխաներին՝ «Վերածնունդ» երաժշտական փառատոնին մասնակցելու համար։ Զեկուցողը նաև գնացուցակն է կարդացել՝ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից երեխաները մասնակցության համար պետք է վճարեն 6000 դրամ, երգչախմբերը՝ 20.000 դրամ, օտարերկյա մասնակիցները՝ 100 եվրո, օտարերկյա երգչախմբերի մասնակիցները՝ 80 եվրո։
«Դուք պատվավոր քաղաքացու կոչումը տալիս՝ չեք ճշտել հասարակական կարծիքը՝ ինչ են մտածում մարդիկ Սերժ Սարգսյանի և նրա եղբայներ՝ Լևոն և Սաշիկ Սարգսյանների մասին։ Վստահ եմ, որ դուք գիտեք՝ ինչ են մտածում մարդիկ, և, գիտենալով հանդերձ, շնորհել եք այդ կոչումը»,֊ ասել է Դարբինյանը։
Նշենք, որ այս տարվա մարտին Սերժ Սարգսյանն իր եղբորը պարգևատրել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։