Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին հոկտեմբերի 4-ին ՏԻՄ ընտրությունների պատճառով ծեծի ենթարկած «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության կողմից առաջադրված ավագանու անդամ Արկադի Փելեշյանը երեկ երեկոյան ստորագրության դիմաց ազատ է արձակվել: Վերջինիս դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություն կատարելը), սակայն Փելեշյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների՝ Փելեշյանը նախկինում դատված է եղել խուլիգանություն հոդվածով: Բացի դա, համաձայն թերթի, Վանաձորում շատ է խոսվում այն մասին, որ Փելեշյանը հաճախակի է թմրադեղերի ազդեցության տակ լինում. «[այդ օրը] նա եղել է ոչ սթափ վիճակում (ամենայն հավանականությամբ ոչ միայն ալկոհոլի ազդեցության տակ)»:
Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Փելեշյանը բարեկամական հարաբերությունների մեջ են: «ՀԺ»-ի հետ զրույցում Շարմազանովի եղբայր Էրիկ Շարմազանովը նշել է, որ Փելեշյանի երեխաներն իր սանիկներն են: Ինքը՝ Էրիկ Շարմազանովը, Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ոստիկանության պետն է, որտեղ էլ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին ահազանգ էր ստացվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում