Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի կարտոֆիլագործները հայտնվել են սնանկացման եզրին, և նրանց խնդիրը լուծում է պահանջում։ Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում այս մասին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կարտոֆիլի մթերման գների անկման խնդրին, որի պատճառով Վարդենիսի գյուղերի բնակիչները հոկտեմբերի 14-ին փակել էին Վարդենիսից Քարվաճառ տանող ճանապարհը:
Վարդենիսցիների պնդմամբ՝ կարտոֆիլի գինը ձևավորվում է Պաշտպանության նախարարության կողմից արվող գնումների գնի տիրույթում, իսկ այս տարի ՊՆ-ի մատակարարներն աննախադեպ ցածր գնով են ձեռք բերում կարտոֆիլը։
Պատգամավորն այսօրվա իր ելույթում նշել է, որ խնդրի առնչությամբ զանգահարել է ՊՆ և պարզել, որ Պաշտպանության նախարարությունը մատակարարներից կարտոֆիլի կիլոգրամը գնում է 80-104 դրամով, մինչդեռ մատակարարները գյուղացիներից այն գնում են 40-45 դրամով։
«Կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ խնդիր կա, և ԱԺ-ի նախագահությունն ու պատգամավորները պետք է խորհրդակցությունների շարք սկսեն ՊՆ-ի հետ, քանի որ գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 14-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ կարտոֆիլագործները պնդել են, որ իրենց ձեռնտու կլիներ մեկ կիլոգրամի դիմաց 55-60 դրամ գինը։