Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանը, ով արդեն 4 օր է Հանրապետության հրապարակում հացադուլ է անցկացնում, այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց ի նշան բողոքի կարել է բերանը։
Epress.am-ի հետ զրույցում Երանոսյանը պատմել է, որ ինքն աշխատում էր Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում որպես փականագործ, սակայն 5 ամիս առաջ նրան հեռացրել են աշխատանքից՝ թողնելով ծանր ֆինանսական վիճակում։
«Աշխատանքից ազատելու օրը հորս ծնունդն էր, և ես օրվա վերջում՝ հորս ծնունդը շնորհավորելու համար, 2 բաժակ արաղ էի խմել։ Երբ արդեն դուրս էինք գալիս աշխատանքի տեղից, ղեկավարությունից եկան, ասեցին՝ վրայիցդ ալկոհոլի հոտ ա գալիս, ու միանգամից հանեցին աշխատանքից։ Բայց դա ծայրահեղ քայլ է և կարելի էր գոնե նկատողություն տալ կամ պրեմիայից զրկել, ոչ թե միանգամից ծայրահեղ քայլին գնալ ու ազատել աշխատանքից», ֊ ասել է Երանոսյանը։
Նրա խոսքով՝ ինքն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում և փականագործի աշխատանքով հազիվ էր կարողանում վճարել վարկերը․ «Ես կարողացել էի գոնե մի քիչ վարկերի չափը նվազեցնել, բայց գործից հանեցին, չկարողացա վճարել, հիմա նորից կրկնապատկվել են։ Սա անմարդկային է։ Ես 80 տարեկան մորս հետ ծանր սոցիալական պայմաններում եմ ապրում, բայց չեմ խնդրում, որ ինձ օգնեն կամ մի բան անեն, ընդամենն իմ աշխատանքն եմ խնդրում, որ կարողանանք ապրել։ 40 տարեկան մարդ եմ, չեմ կարողանում անգամ ընտանիք կազմել»։
Առայժմ պաշտոնյաներից ոչ ոք չի արձագանքել Երանոսյանի ծայրահեղ քայլին․ վերջինս ակնկալում է հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանին․ «Չեմ քանդելու բերանիս կարերը, մինչև իմ հարցին լուծում չտան և աշխատանքի չկանչեն։ Ես արդեն 4-րդ օրն է տուն չեմ գնում ու հացադուլ եմ անում հրապարակում, բայց ոչ մի տեղից արձագանք չկա։ Ոչ մեկին հետաքրքիր չի՝ ինչ վիճակում է էս քաղաքացին»։