Home / Մարզեր / Արարատի ոստիկանապետը լեյտենանտին ծեծի է ենթարկել․ «ՀԺ»

Արարատի ոստիկանապետը լեյտենանտին ծեծի է ենթարկել․ «ՀԺ»

Անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզի ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանն իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել մարզային վարչության քրեագետ, լեյտենանտ Եսայի Էլոյանին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում: Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա և իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին», ֊ գրում է թերթը:

Թերթի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Էլոյանին հրահանգել են ինչ-որ մեքենայի պետհամարանիշներ բարձրացնել Արսեն Աբրահամյանի մոտ, սակայն Էլոյանը արագ չի կատարել հրահանգը: Մեքենան, ըստ թերթի աղբյուրի, ոստիկանապետը նվեր էր ստացել: Երեկ «ՀԺ»֊ի հետ զրույցում լեյտենանտ Էլոյանը հերքել է տեղի ունեցածը: Նա հայտարարեց, որ սխալ տեղեկություններ են տարածվում: Թերթը նկատում է, որ Էլոյանի ձայնը բավական ընկճված էր:

Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է։