Home / Բանակ / Չեն կատարում դատարանների վճիռները․ մայրերը պահանջում են վերադարձնել իրենց երեխաներին

Չեն կատարում դատարանների վճիռները․ մայրերը պահանջում են վերադարձնել իրենց երեխաներին

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) շենքի մոտ այսօր մի խումբ կանայք պահանջում էին վերադարձնել իրենց երեխաներին։

Նրանց խոսքով՝ ԴԱՀԿ֊ն անգործություն է ցուցաբերում՝ չկատարելով հայաստանյան տարբեր դատարանների վճիռները, որոնց համաձայն իրենց երեխաները պետք է ապրեն մայրերի, այլ ոչ թե հայրերի հետ։ Մայրերը համոզված են, որ ԴԱՀԿ-ի նման անգործությունը կանանց նկատմամբ խտրականության հետևանք է։

Բողոքող մայրերին աջակցում էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան։ Դրա համակարգող Զառա Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԴԱՀԿ-ն հաճախ տարիներով հետաձգում է երեխաներին մայրերին հանձնելու մասին դատարանների վճիռների կատարումը։

«Մենք ակցիայի ժամանակ նամակ ենք հանձնելու, որտեղ ներկայացնելու ենք մեր երկու պահանջները՝ անհապաղ կատարել դատարանների վճիռները և պատասխանատվության ենթարկել հարկադիր կատարողներին, ովքեր կամայականորեն հետաձգում են դատական վճիռների օրինական կատարումը»,- նշել է Հովհաննիսյանը։

Ակցիայի մասնակիցներից Արմինե Ավոյանը պատմել է լրագրողներին, որ ամուսնալուծվել է 2015 թվականին և հարկադիր մարմինը պետք է դատարանի վճռի համաձայն 1 ամսվա ընթացքում երեխայի խնամակալությունը հանձներ իրեն, սակայն արդեն երկու տարի է երեխային չեն հանձնել մոր խնամակալությանը։

«Երեք դատական ատյաններով էլ որոշված է, որ երեխան պետք է իմ հետ ապրի, սակայն արդեն 2 տարի առաջ երեխայի պապը ԴԱՀԿ շենքի մոտից փախցրել ա երեխային, ու իրենց հետ ա բնակվում հիմա։ Ես հարկադիր կատարողին ասում եմ՝ տե՛ս, քո դեմից երեխուն տանում ա, ինքը ասում ա՝ ոչինչ, կբերի, բայց մինչև հիմա չեն բերել։ Երեխաս արդեն 6 տարեկան է, բայց դպրոց էլ չի գնում ու ոչ մի մարմին այդ հարցով էլ չի զբաղվում։ ԴԱՀԿ-ում էլ մենակ կաշառք վերցնելով են զբաղված, ու ոչ-ոք չի կատարում իր աշխատանքը։ Ես պահանջում եմ, որ իմ երեխային բերեն տան ինձ ու դատարանի որոշումը կատարեն», ֊ ասել է Ավոյանը։

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Ավոյանը նշել է, որ իր երեխային իրեն պետք է հանձնեին այս տարվա հուլիսի 3-ին, սակայն հարկադիր մարմինը պատճառաբանել է, որ 6 տարեկան երեխան չի ցանկացել գալ․ «Ի՞նչ ա նշանակում երեխան չի ուզում, երբ օրենքի մեջ նշված է, որ մինչև 10 տարեկան երեխայի կարծիքի հետ հաշվի չեն նստում։ Բայց փաստորեն ԴԱՀԿ-ն 6 տարեկան երեխայի կարծիքի հետ հաշվի է նստում։ Ես պահանջում եմ, որ իմ երեխային, ըստ օրենքի, հանձնեն ինձ»։

Ակցիայի մասնակիցները մոտ մեկ ժամ պաստառներով կանգնել են ԴԱՀԿ շենքի դիմաց, սակայն նրանց ոչ ոք չի մոտեցել։ Ցուցարարները ստիպված մտել են շենք և փորձել դրանով գրավել աշխատակիցների ուշադրությունը։ Այնուամենայնիվ, ներսում էլ տևական ժամանակ ցուցարաներին ոչ ոք չէր մոտնենում ։

Ի վերջո, նրանց հետ զրուցել է ԴԱՀԿ Տեսչական և վերլուծական բաժնի պետ Գագիկ Միրիջանյանը։

Նա նշել է, որ չի կարող առանձին-առանձին հիշել բոլոր մայրերի գործերը, սակայն գրավոր դիմումներ ներկայացնելու դեպքում իրենք կպատասխանեն դրանց։

Մայրերը, իրենց հերթին, նշել են, որ բազմաթիվ անգամ ներկայացրել են իրենց պահանջներն ու խնդիրները, սակայն օրենքը չի գործում ու ԴԱՀԿ֊ն չի կատարում դատարանի վճիռները։

Միրիջանյանն այդպես էլ հստակ չի պատասխանել, թե որն է վճիռները չկատարելու պատճառը։

Ցուցարարները դիմումները ներկայացնելուց հետո նշել են, որ վաղը նույնպես կգան ԴԱՀԿ֊ի շենքի մոտ պատասխանները ստանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում