Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանն (լուսանկարում) այսօր մերժել է 2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի բողոքը։ Կինը պահանջել էր վերացնել Քննչական կոմիտեի 2015 թվականի դեկտեմբերի 7-ի և Զինվորական դատախազության 2016 թվականի փետրվարի 19-ի՝ իր որդու գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները։
«․․․Սրանք դատավորներ չեն, սրանք կամակատարներ են։ Ոնց վերևից գալիս ա հրամանը, էդպես էլ անում են․ այս երկրում արդարություն գոյություն չունի», – ասել է Նանա Մուրադյանը՝ դատավորի որոշումը լսելուց հետո։ Նիստին ներկա բանակում ոչ մարտական պայմաններում մահացած այլ զինվորների ծնողներ սկսել են բարձրաձայն ամոթանք տալ դատավոր Մաթևոսյանին։
«Նա մայր կոչվելու իրավունք չունի, նա, որպես կին, գոնե կարող էր արդար լիներ։ Նախորդ դատական նիստին էլ մենք ասացինք, որպես մայր քննեք, նա ասաց՝ ես որպես դատավոր եմ ձեր առջև․․․ դատավոր էլ մնաց», – ասել է Նանա Մուրադյանը։
Epress.am-ի հետ զրույցում մահացած զինվորի մայրն ասել է, որ ինքը պատրաստվում է դիմել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ, չնայած որ հայաստանյան դատարաններից ոչ մի հույս չունի։
«Համոզված եմ՝ սա (դատական համակարգը-խմբ․) շղթա է, եթե էս շղթան պոկվի, սաղ անդունդ են գնալու․․․ Ինչի համար չեն վերսկսել [գործի քննությունը], քանի որ սաղ [որոշումները] նույնն է լինելու, չեն ուզում ոչինչ անել․․․ Դիմելու եմ Եվրոպական դատարան, քանի որ իրանց ասելով էս երկիրը մեր երկիրը չի, մենք պետք ա Եվրոպա դիմենք, որ էս երկրի հախից գան», – ասել է նա։
Վալերի Մուրադյանը ծառայել է Ստեփանակերտի զորամասերից մեկում։ Համաձայն պաշտոնական վարկածի՝ նա 2010 թվականի մարտի 15-ին ինքնասպան է եղել կախվելու միջոցով։
Նախորդ դատական նիստին Նանա Մուրադյանը դատարանում պնդել է, որ իր որդին ոչ թե կախվել է, այլ նրան կախել են։ Կինն իր վարկածը հիմնավորող մի շարք փաստեր է բերել․
«Երբ որդուս բերել են, նրա վրա շատ հետքեր են եղել, պարանոցի վրա պարանի երկու հետք է եղել։ Դա ցույց էր տալիս, որ տղայիս խեղդել և հետո կախել են․․․ Որդուս հագուստը հինգ ամիս անց են տարել փորձաքննության, այն էլ մեր համառ ջանքերից հետո։ Հագուստը բորբոսնած վիճակում էր, իսկ կոշիկները չկային։ Բայց կարևորը կոշիկներն են, որ ես իմանամ՝ իմ տղա՞ն է կանգնել աթոռի վրա, թե ոչ։ Եթե չկան աթոռը և կոշիկները, ուրեմն ես կարող եմ ենթադրել, որ այդ աթոռի վրա կանգնել է իմ տղային սպանողը։ Պարանի վրա, որով իբրև թե կախվել է իմ տղան, արյան հետքեր կային, սակայն այն չի ուղարկվել փորձաքննության։ Իմ որդու բաճկոնը եղել է այն զինվորի հագին, որի բաճկոնը գտել են դեպքի վայրում։ Այդ զինվորն Ավետիք Խաչատրյանն էր, որին երկրից հանել են դուրս և կասկածներ ունեմ, որ հենց նա է որդուս կախել։ Նա շփոթվելով իր բաճկոնը թողել է, որդունս՝ վերցրել», – ասել է Նանա Մուրադյանը։
Նրա խոսքով՝ որդու համածառայակիցներից մեկը՝ Գոռ Սիմոնյանը, իր ցուցմունքում նշել է, որ Վալերի Մուրադյանը «տնից պլան է ուզել, որ տղաներին հյուրասիրի», բայց իր ցուցմունքում նաև նշել է, որ Մուրադյանը ծխող չի եղել․ «Բայց իմ տղան ծխախոտ և պլան չի օգտագործել, երևի պլան են ուզել իրենց համար, տղաս չի տվել ու տղայիս սպանել են։ Այդպես էլ չեն քննել, թե տղաս ում պետք է պլան տար, ովքեր են այդ տղաները, միգուցե, հենց այդ տղաներն են, որ տղայիս սպանել են»։