«Նաիրիտ» գործարանի անվտանգության ծառայության մոտ 90 աշխատակիցների արդեն 5 ամիս է աշխատավարձ չեն վճարել։ Գործարանը նրանցից յուրաքանչյուրին մոտ 600 հազար դրամ է պարտք։ Աշխատակիցներն այսօր Կառավարության դիմաց հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
«Մենք էլ ենք մարդ, հեսա ձմեռա գալիս ու պետք ա մի կերպ գոյատևենք։ Ինչ անենք գնանք գողություն անենք, որ կարողանանք ապրել։ Իսկ հիմա էլ մեզ ասել են, որ դեկտեմբերի 16-ին անվտանգության ամբողջ աշխատակազմն ազատելու են աշխատանքից ու ոստիկանության աշխատակիցներ բերեն մեր փոխարեն, ովքեր ավելի ցածր աշխատավարձով են աշխատելու»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտ» գործարանի անվտանգության աշխատակիցներից Համլետ Պարսամյանը։
Աշխատակիցները դիմել են և՛ ՀՀ նախագահի նստավայր, և՛ Կառավարություն, և Էներգետիկ ենթակառուցվածքի և բնական պաշարների նախարարություն, սակայն ոչ մի տեղից աջակցություն չեն ստացել և աշխատավարձերի խնդիրը մինչ օրս լուծված չէ։
«Մենք 7 տարի ա աշխատում ենք ստեղ, հիմա մեզ հանում են, մեր տեղը ոստիակնության աշխատակիցներ են բերում։ Էս էլ թազա փող լվալու ձևա էլի երևի»,- ասել է Համլետ Պարսամյանը։
Վարչապետը բողոքի ակցիայի մասնակիցներին չի հանդիպել։
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ գործարանի աշխատակիցները փակել էին գործարանին հարող Բագրատունյաց փողոցըև պահանջում էին իրենց ամսվա աշխատավարձերը։ Փողոցը մի քանի րոպե փակ մնալուց հետո բացվել էր ոստիկանների միջամտության հետևանքով։