«Նաիրիտ» գործարանի անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն 5 ամիս է աշխատավարձ չեն ստացել, աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել։ Նրանց տեղեկացրել են, որ իրենք չեն աշխատելու դեկտեմբերի 1-ից։
Epress.am֊ի հետ զրույցում գործարանի անվտանգության աշխատակիցներից Գարիկ Հարությունյանը նշել է, որ իրենց այս պահին այդքան էլ չի հուզում աշխատանքից հեռացվելու փաստը և, առաջին հերթին, իրենք պահանջում են չվճարված աշխատավարձերը։
«Մենք էլ երեխա ունենք պահելու, բանկերում վարկեր ունենք։ Մենք չգիտենք էլ՝ ինչ անենք։ Հո ձրի աշխատելով չի, բա իրանք երեխա չունե՞ն։ Չգիտեմ էլ ինչ են մտածում»,- մեզ հետ զրույցում ասել է գործարանի անվտանգության ծառայության մեկ այլ աշխատակից Արտակ Ալեքսանյանը։
Անցած շաբաթ աշխատակիցներն իրենց պահանջները ներկայացրել էին Կառավարությանը, սակայն մինչև օրս ոչ մի պատասխան չեն ստացել։ Այսօր նրանք հավաքվել են Կառավարության հիմնական մասնաշենքից ոչ հեռու գտնվող Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ տեղակայված է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։
«Անցած անգամ նամակ էինք հանձնել, բայց դեռ ոչ մի բան չկա։ Ասեցին՝ կտանք պատասխան, ու մինչև էսօր չենք ստացել՝ ոչ մեր աշխատավարձերի, ոչ էլ աշխատանքից ազատվելու վերաբերյալ պատասխաններ։ Մենք ընդհանրապես էլ ոչ մի բանի հույս չունենք։ Հավաքվել ենք, սպասում ենք, բայց հույս չունենք, որ ինչ֊որ մեկը մեզ կլսի կամ մեզ կմոտենա։ Ուղղակի հավաքվել ենք ու պահանջում ենք»,- նշել է Գարիկ Հարությունյանը։
Որոշ ժամանակ կանգնելուց հետո բողոքողներն իրենց խնդրին լուծում տալու պահանջով ներխուժել են Կառավարության 3-րդ մասնաշենքի առաջին հարկ և հանդիպում պահանջել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ: Սակայն ոստիկանները թույլ չեն տվել աշխատակիցներին վերև բարձրանալ՝ պատճառաբանելով, որ նախարարը Կառավարության հերթական նիստին է։
Գործարանի աշխատակիցներն էլ որոշել են շարունակել բողոքի ակցիան ՀՀ Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հերթապահություն են սահմանել կառավարության շենքի երկու մուտքերի մոտ և կարողացել են զրուցել նիստից դուրս եկող նախարարի հետ։ Գարիկ Հայրապետյանի փոխանցմամբ՝ Մանուկյանը, սակայն, ասել է, որ այս պահին խնդրի առնչությամբ կոնկրետ ոչինչ չի կարող անել։ Զրույցից հետո ակցիայի մասնակիցներից երեքը ուղևորվել են ՀՀ նախագահի նստավայր՝ Վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպելու համար։