Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի 4-րդ կարգի վթարային շենքի դասասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Վարդենիս գյուղի դպրոցում այրվում է դասասենյակը․․․ Փրկարարներն իրականացրել են տարհանման աշխատանքներ։ [Տարհանվել են] 91 աշակերտ և 20 ուսուցիչ», – գրում է ԱԻՆ պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այրվել է դասասենյակի փայտե հատակը՝ մոտ 1 քմ:
Նշենք, որ դեռևս 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 27-ին, դպրոցի աշակերտները և ուսուցիչները դասադուլ էին հայտարարել՝ հրաժարվելով դասերը շարունակել վթարային դպրոցում։ Նրանք պնդում էին, որ շենքի անբարենպաստ պայմանների պատճառով աշակերտները հիվանդանում են։ Նրանց խոստացել էին, որ դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի հաշված օրերից։
Երեկ Epress.am-ը զրուցել էր մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանի հետ՝ հետաքրքրվելով, թե երբ է պատրաստ լինելու դպրոցի նոր շենքը, որը, համաձայն չինովնիկների խոստման, դեռևս հոկտեմբերի 10-ին պետք է հանձնվեր շահագործման։ Դավայանը նշել էր, որ դպրոցի շենքը պատրաստ է, միայն կահավորման խնդիր կա։
Մեզ հետ զրույցում Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանը նշել էր, որ այժմ դպրոցի դասասենյակները ջեռուցվում են․ «Հին դպրոցում սալյարկան ենք վառում, մեր բախտից էլ եղանակը տաք է։ Մարզպետի մոտ էի ես նոր, ասում ա՝ մենք հետաքրքրվում ենք գույքի համար, որևէ խնդիր չկա»։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, hetq.am