2016 թվականի հունիսին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան, քաղաքագետ Արմինե Առաքելյանի նկատմամբ իրավապահների, ապա հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
2016 թվականի դեկտեմբերի 29-ին կայացրած իր որոշումը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթևոսյանը հիմնավորել է հանցակազմի բացակայությամբ՝ նշելով, որ հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ դրանք ձեռք բերելու հնարավորությունները սպառվել են:
Քննչական բաժինն իրավապաշտպանին բռնությամբ հիվանդասենյակ տեղափոխելն ու նրան կապելը համարել է օրինաչափ՝ պատճառաբանելով, որ վերջինս դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։
Գրասենյակի փոխանցմամբ՝ Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը մի քանի անգամ դիմել է քննչական մարմնին, որպեսզի գործը հանձնվի ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, սակայն քննչական մարմինը անընդհատ հետաձգում է հարցի լուծումը՝ փորձելով կոծկել իրավապահների կողմից հանցագործություն կատարելու փաստը։
Նշենք, որ մայիսի 17-ին Արմինե Առաքելյանը Հանրապետության հրապարակում մտել էր շատրվաններից մեկի մեջ, որտեղից էլ նրան ուժով, ձեռնաշղթաներ հագցնելով «շտապ օգնության» մեքենայով տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Առաքելյանի խոսքով՝ իրեն հոգեբուժարանում ծաղրել, ծեծել, խոշտանգել, հոգեբանական ճնշման են ենթարկել։
Իրավապաշտպանն իր գործողությունները պարզաբանելու ժամանակ նշել էր, որ 2015 թվականի դեկտեմբերին ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը մտել է պետականաշինության երկրորդ փուլը, որը տանում է ոստիկանական համակարգի և այս պարագայում իրենց միայն մնում է ոչ իրավական պայքարի ձևերը։