2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ իշխանութունները փորձել են լրագրողների գործունեությունը և տեղեկատվության հասանելիությունը սահմանափակող մի շարք օրենքներ ընդունել, և դրանցից միայն մի քանիսն է հաջողվել կանխել։ Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2016թ․ տարեկան զեկույցում, որը ներկայացվել է այսօր։
Այդպիսի օրենքներից ամենաուշագրավը, նշված է զեկույցում, ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծն էր, որի 65-րդ հոդվածում ի սկզբանե նախատեսվում էր, որ ընտրությունների օրը ընտրատեղամասերում միաժամանակ կարող են ներկա գտնվել ոչ ավել, քան 8 տեղական դիտորդ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այս առթիվ մի քանի լրագրողական կազմակերպություններ փորձել են միջամտել և առաջարկություններ ներկայացրել իշխանությունների ձևավորած աշխատանքային խմբին, սակայն ապարդյուն։
«Արդյունքում նոր ԸՕ-ի վերջնական տարբերակը լրատվամիջոցների գործունեության ազատությունն ապահովելու առումով ստացվեց շատ ավելի վատը, քան նախորդ օրենսգիրքը»,֊ ասված է զեկույցում։
Լրագրողական գործունեության մեկ այլ սահմանափակում, սակայն, մեդիա ոլորտում գործող կազմակերպությունների կողմից կանխվել է․ ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով իշխանությունները ցանկանում էին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին տալ իրավունք կասեցնել հեռուստաընկերության լիցենզիան ընտրարշավների ժամանակ, ընդ որում՝ առանց դատարանի որոշման։
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի՝ նման իրավունք տալը ՀՌԱՀ֊ին վտանգավոր էր՝ հատկապես հաշվի առնելով ՀՌԱՀ֊ի տարիների գործուներությունը։
Մելիքյանը որպես 2016 թվականի կարևոր իրադարձություն առանձնացրել է նաև անալոգայինից թվային հեռարձակմանն ամբողջական անցումը, ինչը լուրջ մարտահրավեր դարձավ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների համար։
«Թվայնացման դեռ սկզբնական փուլում ոլորտի պատասխանատուները առաջ քաշեցին խոցելի մի գաղափար, համաձայն որի մարզերում պետք է գործեն մեկական հեռուստաընկերություններ, իսկ մնացածը՝ փակվեն։ Հետագայում այս մոտեցմանը համաձայն փոփոխվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն ու անցկացվեցին լիցենզավորման մրցույթները։ 2015 թվականի օրենսդրական նոր փոփոխություններով վերոհիշյալ տեղական հեռուստաընկերություններին հնարավորություն տրվեց շարունակել գործել անալոգային ռեժիմով, սակայն 2016-ին երկրում անալոգային հեռարձակումն անջատվեց։ Արդյունքում այս հեռարձակողները արագ սկսեցին կորցնել իրենց լսարանն ու գովազդատուներին և հայտնվեցին փակման եզրին»,֊ ասված է զեկույցում։
Այդ առնչությամբ Մելիքյանն ասել է, որ փաստորեն, ստացվում է՝ ընտրությունների նախաշեմին տեղական հեռուստաընկերությունները կանգնելու են փակման եզրին։
«Դա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Ես երկրորդ այդպիսի երկիր, համենայնդեպս ԱՊՀ տարածքում, չգիտեմ, որ թվայնացման արդյունքնում այն պայմանների արդյունքում, որ ստեղծել է պետությունը, փակվի որևէ հեռուստաընկերություն», ֊ ասել է Աշոտ Մելիքյանը։