Home / Բանտ / «Դատապարտյալների հիվանդանոցը» փակելով՝ կոռուպցիոն ռիսկերի հարցը չի լուծվի․ Սաքունց

«Դատապարտյալների հիվանդանոցը» փակելով՝ կոռուպցիոն ռիսկերի հարցը չի լուծվի․ Սաքունց

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելով՝ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի հարցը չի լուծվի։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում այսօր ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է կա՛մ փակել «Դատապարտյալների հիվանդանոցը» և համապատասխան բժշկական ծառայությունները քաղաքացիական հիվանդանոցում իրականացնել, կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն վերակազմակերպել և որոշակի մասնագիտացված բժշկության օգնության տեսակներ այնտեղ իրականացնել, իսկ մասնագիտացված բժշկական օգնության մեծ մասը դարձյալ ցույց տալ քաղաքացիական հիվանդանոցներում։ Նրա առաջարկն ընդունվել է Կառավարության կողմից։

Խնդրի առնչությամբ Սաքունցն ասել է՝ իր համար մտահոգիչ է հատկապես այն, որ կալանավորներին և դատապարտյալներին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու որոշումները կայացնելու է Քրեակատարողական վարչությունը։

«Դրական փոփոխությունները կլինեն հիմնականում սպասարկվող բուժօգնության որակի հետ կապված, սակայն չեն վերանա կոռուպցիոն ռիսկերը, որոնք առկա էին «Դատապարտյալների հիվանդանոցում»։ Մտահոգություններ կան հիմնականում կալանավորներին ու դատապարտյալներին քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու ոորոշումների կայացման հարցում։ Այդ որոշումները նախ կարող են ուշացումով կայացվել և անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

Բացի դա, դրանք կարող են իրենց մեջ ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր պարունակել, այլ նաև որոշումները կայացվեն սուբյեկտիվ գործոններով։ Օրինակ, որոշեն, որ պետք չի բուժօգնություն տրամադրել քաղաքացիական հիվանդանոցում, կամ տրամադրվեն որոշ պայմանավորվածությունների արդյունքում, որը ոչ միայն կոռուպցիոն ռիսկ, այլ նաև որոշ հարցերում ճնշելու միջոցներ օգտագործելու վտանգ է պարունակում», ֊ նշել է իրավապաշտպանը։

Tekali Taxi