Home / Մարզեր / Մարզպետն առաջարկում է խաղողի պարտքի փոխարեն կոնյակ տալ

Մարզպետն առաջարկում է խաղողի պարտքի փոխարեն կոնյակ տալ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը տեղյակ չէ Քաղցրաշեն համայնքի խաղողագործների խնդրի մանրամասներին, չնայած վերջիններս 2015 թվականից տասնյակ ակցիաներ են անցկացրել թե՛ իրենց գյուղում, թե՛ Երևանում՝ նախագահական նստավայրի և կառավարության շենքի դիմաց։

Քաղցրաշեն համայնքի խաղողագործները, ովքեր մինչ օրս չեն կարողանում ստանալ 2015֊ի աշնանը մթերված խաղողի դիմաց իրենց հասանելիք գումարները, այսօր հանդիպել են Արամայիս Գրիգորյանի հետ։

Epress.am-ի հետ զրույցում Քաղցրաշենի խաղողագործներից Գևորգ Հարությունյանը նշել է, որ մի քանի տասնյակ գյուղացիներով այսօր հավաքվել են մարզպետարանի մոտ՝ իրենց պարտքերի մասին տեղեկություններ իմանալու համար, սակայն մարզպետը հանդիպման ընթացքում ոչ մի հստակ պատասխան չի տվել նրանց։

«Ոչ մի հստակ բան չէր ասում, ոնց որ բանից բեխաբար լիներ։ Մենակ ասում էր՝ «ուզու՞մ եք ձեր պարտքի դիմաց կոնյակ ձևակերպենք, տանք»։ Մենք էլ ասինք՝ տենց ո՞նց կլինի, մարդիկ բանկերում պարտքեր ունեն, կոնյակով ի՞նչ պետք ա անենք», – պատմել է Հարությունյանը։

Խաղողագործի խոսքով՝ իրենք մարզպետին հիշեցրել են, որ Գյուղատնտեսության նախարարությունը խոստացել էր մինչև դեկտեմբեր վաճառել հումքն ու մարել խաղողագործների ամբողջ պարտքը, այնինչ մարզպետն ասել է, որ չի տիրապետում խնդրի մանրամասներին, քանի որ այդ ժամանակ ՝ «էստեղ չեմ եղել»։

Հանդիպման ընթացքում մարզպետը տեղեկացրել է, որ մոտ օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն է ժամանելու իրենց մարզ։

Խաղողագործները որոշել են սպասել մինչև մյուս հինգշաբթի՝ մարտի 16-ը, և եթե մինչ դա վարչապետը չայցելի մարզ, իրենք կգնան Կառավարության շենքի դիմաց՝ բողոքի ակցիայի․ «Մենք հասկանում ենք, որ էս հարցը մենակ վարչապետը կարա լուծի»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը «Վինար» գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել։

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը քաղցրաշենցիներին մի քանի անգամ խոստացել էր, որ գործարանը պատրաստվում է վաճառել սպիրտը, ինչից հետո կմարվեն խաղողագործների բոլոր պարտքերը։ Գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Գլխավոր դատախազություն և դատի էր տվել «Վինար» ընկերությանը՝ «գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար»։

Նախարարը տեղեկացրել էր, որ «Վինարի» 16,5 մլն դրամի սպիրտը գնել է Պռոշյանի կոնյակի գործարանը և մարզպետից արդեն ստացվել են գյուղացիների ցուցակներն ու հաշվեհամարները և այդ գումարն առաջիկայում կփոխանցվի պարտատերերին, սակայն մարվել էր պարտքի միայն չնչին մասը։