Home / Հայաստան / ՀՀԿ֊ի վստահված անձի քույրը դատապարտվել է լրագրողի աշխատանքը խափանելու համար

ՀՀԿ֊ի վստահված անձի քույրը դատապարտվել է լրագրողի աշխատանքը խափանելու համար

Մարտի 13-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեղավոր է ճանաչել քաղաքացի Մարիամ Ավագյանին 2016թ․ հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ Araratnews.am-ի լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու համար:

Ավագյանին պարտավորեցրել են 700 հազար դրամ տուգանք վճարել և մեկ տարով զրկել են ընտրական գործընթացների մեջ որևէ կերպ ներգրավվելու իրավունքից:

Մարիամ Ավագյանը թիվ 30/47 ընտրատեղամասում պարբերաբար խոչընդոտել է Գալստյանի աշխատանքը՝ խանգարելով նրան հարցազրույցներ անել և տեսանկարել: Ի վերջո, Ավագյանը ֆիզիկական բռնություն է կիրառել, ճանկռել լրագրողի ձեռքը և ջարդել բջջային հեռախոսը, որով լրագրողը նկարահանում էր:

«Մարիամ Ավագյանն այդ տեղամասի հետ կապ չուներ, սակայն առավոտից այդտեղ էր, օգնում էր ընտրողներին, զրուցում էր ՀՀԿ վստահված անձի հետ, որը իր հարազատ եղբայրն էր (Ռոման Ավագյան)»,- Epress.am-ին պատմել է Շողիկ Գալստյանը:

Մարիամ Ավագյանի նկատմամբ լրագրողի դեմ ֆիզիկական բռնություն գործադրելու մեղադրանք չի առաջադրվել, քանի որ դատաբժշկական փորձաքննությունն անցկացվել է դեպքից 15 օր հետո, վնասվածքը չի արձանագրվել:

Գույքը վնասելու մասով կողմերը հաշտվել են, քանի որ մեղադրյալը նոր հեռախոս է տրամադրել տուժողին:

«Մարիամ Ավագյանը դատարանում արդարանում էր, թե չի ցանկացել, որ ես նկարեմ իր առօրյան: Ինչքանով է ընտրությունն իր առօրյայի մաս կազմում, չգիտեմ», – ասել է լրագրողը: