Հաց բերող Արթուր Սարգսյանին նվիրված մարտի 19-ի երթի ժամանակ ոստիկանները բռնություն են կիրառել մասնակիցների նկատմամբ։ Հանրապետության հրապարակում բռնության է ենթարկվել նաև Հելսինկյան ասոցացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Նրանք կոպտորեն սահմանափակել են իմ ազատ տեղաշարժման իրավունքը։ Հրմշտոցի ժամանակ ուղղակի փակել են ճանապարհը, որով ես կարող էի լքել այդ տարածքը։ Բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ ճանապարհ բացեն դուրս գալու համար, նրանք չհամաձայնեցին։ Այդ հրմշտոցի հետևանքով ունեցել եմ ֆիզիկական ցավ», -կազմակերպության կողմից պատրաստված տեսանյութում պատմել է փաստաբանը։
Վերջինս նշել է, որ բացի իր գրավոր դիմումից, տվյալ տեսանյութը իրավապահ մարմինները կարող են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Պապիկյանը պահանջել է քրեական պատասխանատվության ենթարկել առնվազն երկու ոստիկանի, որոնք իրեն ներկայացել են որպես կրտսեր սերժանտ Խաչատրյան և ենթասպա Մարտիրոսյան։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ Արթուր Սարգսյանի մահվանից հետո երթեր և ակցիաներ են կազմակերպվում Երևանի տարբեր հատվածներում։ Երեկ՝ մարտի 19-ին, Ազատության հրապարակից մեկնարկել է ամենօրյա երթը Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ։ Ցուցարարները նստացույց են փորձել կազմակերպել Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ պողոտա տանող հատվածում, սակայն ոստիկանները ցրել են նստացույցը: Այնուհետև երթի մասնակիցները շարժվել են Թումանյան փողոցով դեպի Ազատության հրապարակ։ Այնտեղ էլ շուրջօրյա նստացույց են սկսել։