ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր կայացած առևտրի կենտրոնների աշխատակիցների հերթական ակցիայի արդյունքում բողոքողներին խոստացել են, որ որոշ ժամանակ հարկայինի աշխատողները նրանց «չեն նեղացնի»։
Այսօր երևանյան մի քանի տոնավաճառների աշխատողները (հիմնականում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից) կրկին ՀՀ Կառավարության շենքի դիմաց էին։ Նրանք պահանջում են դադարեցնել հարկայինի աշխատողների կողմից վերջին շաբաթների ընթացքում տոնավաճառներում անցկացվող շարունակական ստուգումները, կամ, ինչպես բողոքողներն էին անվանում դա՝ տեռորը։ Խնդիրը լուծելու համար նրանք ցանկանում էին հանդիպել կառավարության անդամների հետ ու քննարկել իրենց առաջարկները։
«Մեր ուզածը նա է, որ մաքսային միությունում մի պատուհանով բոլոր վճարումներն անենք ու վերջացնենք։ Երբ [ապրանքը] ներկրելուց մաքսայինի 32 տոկոսը վճարենք, միանգամից տեղում էլ ապրանքի վաճառքից գոյացող 1.5 տոկոս հարկն էլ վճարենք։ Տեղում պետությունը հարկերը 100 տոկոսով հավաքի, մենք էլ գանք, խիղճներս հանգիստ աշխատենք»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատողներից Արմեն Ներսիսյանը (լուսանկարում)։
Տոնավաճառի մեկ այլ աշխատող Նարինե Միքայելյանն էլ նշել է, որ արդեն 4 օր է՝ իրենք չեն կարողանում աշխատել։ Նա ընդգծել է, որ իրենց հաճախորդները, որոնք վերավաճառելու համար իրենց մեծածախ առևտրի կետերից ապրանք են գնում, այժմ խուսափում են տոնավաճառ մտնել՝ վախենալով, որ հարկայինի աշխատողները նրանց էլ կսկսեն ստուգել:
«Սա [առևտուրը] մարդկանց համար հացի խնդիրը լուծելու միջոց է, և եթե սենց շարունակվի, իմ կարծիքով, բոլորն էլ կլքեն երկիրը», ֊ ասել է Միքայելյանը։
Կառավարության շենքի դիմաց որոշ ժամանակ սպասելուց հետո ցուցարարները մի քանի հոգանոց խումբ են կազմել և Կառավարության շենքում հանդիպել Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների հետ։
Հանդիպումից հետո Արմեն Ներսիսյանը նշել է, որ իրենք զրուցել են Օպերատիվ հետախուզության վարչության ղեկավար Սիմոն Առաքելյանի, ՊԵԿ նախագահի տեղակալներ Կարեն Բրուտյանի և Վախթանգ Միրումյանի հետ, ովքեր հավաստիացրել են, որ հարկայինի աշխատակիցները այլևս «չեն նեղացնի» առևտրով զբաղվողներին մինչև կողմերը մանրամասն չքննարկեն խնդիրը։
«Մենք պետք է իրավաբաններով ու տնտեսագետներով խումբ ստեղծենք, ու մեր պահանջներն ավելի մասնագիտորեն ներկայացնենք Կառավարությանը, որից հետո մոտակա օրերի ընթացքում կքննարկվի հարցը ու մեզ կընդառաջեն։ Բոլորիդ ասում եմ, որ կարող եք հանգիստ գնաք տներով։ Պարոն Առաքելյանն էլ հավաստիացրել ա, որ վաճառողներից ոչ մեկին չեն նեղացնի մինչև էս հարցը լուծվի։ Հանգիստ գնացեք, զբաղվեք ձեր առևտրով, սիրելի ժողովուրդ ջան, ձեր հետ ոչ մեկ գործ չի ունենա», – ՊԵԿ աշխատակիցների հետ հանդիպումից հետո հայտարարել է Արմեն Ներսիսյանը։
Նա տեղեկացրել է, որ հարկայինի աշխատողները կշարունակեն հսկել առևտրի կենտրոնի մուտքերում, սակայն չեն մոտենա առևտրով զբաղվողներին մինչև վերջնական որոշում չկայացվի։