Վանաձորի քաղաքապետարանի դիմացի «Հայք» հրապարակում երեկ առավոտվանից մի շարք երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսների և տաքսու վարորդներ անբարեկարգ ճանապարհների պատճառով բողոքի ակցիա էին կազմակերպել։ Վարորդների խոսքով՝ փոսային նորոգման համար կտրտված և չլցված փոսերով ճանապարհները վթարավտանգ են, և իսկական աղետ իրենց և ուղևորների համար: Այս մասին հայտնում է «Լոռի» հեռուստաընկերությունը։
«Քաղաքապետը (Մամիկոն Ասլանյան-խմբ․) խոստանում էր բացել Վանաձորի նոր էջը, բացեցինք, նույնն է, նույն բանաստեղծը, նույն կտկտոցը․․․ Ուղիղ 20 օր է քանդած է, ինչի՞ն են սպասում», – տեսանյութում պատմում է երթուղայինի վարորդներից մեկը։
Հրապարակում հավաքված վարորդները բողոքում են, որ ամեն օր մեքենայի վերանորոգման համար գումար են ծախսում, և եթե ճանապարհների վիճակը չբարեկարգվի, ապա իրենք պատրաստվում են չվճարել հարկերը։
Վարորդներին հանդիպել են քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը։ Վերջինս լրագրողներին հայտնել է, որ ինքն արդեն զրուցել է փոսային վերանորոգումներ իրականացնող «Լոռի ճանշին»-ի պատասխանատուների հետ։ Պայամանագրով մայիսի 11-ից սկսած աշխատանքները ավարտին են հասցվելու մինչև օգոստոսի 31-ը։
Ընկերությունից հայտնել են, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և վարորդների դժգոհությունը, առաջիկա օրերին ընկերությունը քաղաքի երթուղիները ընդգրկող կենտրոնական հատվածներում ավարտին կհասցնի փոսալցման աշխատանքները։ Հակառակ պարագայում, ըստ Պառավյանի, օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տույժ-տուգանքներ։
Մանրամասները՝ Լոռի ՀԸ տեսանյութում.